Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անդրեյ Ղուկասյան.«Հեղափոխություն արած լոռեցին մեծ սպասելիքներ ունի, և մենք պետք է արդարացնենք նրա բոլոր հույսերը»
11.10.2018
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում Լոռու մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:
Նախարարը, շնորհավորելով մարզպետին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ, իր խոսքում մասնավորապես նշեց.
-Նախ շնորհակալություն եմ հայտնում Լոռու նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանին, աշխատակազմին, մարզի բոլոր համայնքապետերին, ովքեր, այս ընթացքում համագործակցելով մարզպետի հետ, կարողացել են մարզում ապահովել կայունություն: Այժմ հետհեղափոխական Հայաստանը թևակոխում է մի նոր՝ շատ կարևոր փուլ: Թե՛ տեղական ինքնակառավարման, թե՛ տարածքային կառավարման մարմինները, գործադիր իշխանությունը պետք է ամեն ինչ անեն վերջին 25 տարիների ընթացքում նմանը չունեցող ընտրություններ կազմակերպելու համար:Մենք մեզ երբեք թույլ չենք տա քայլեր, որոնք դուրս են մեր իրավասության սահմաներից: Առաջիկա ընտրությունները փորձաքար են լինելու Նոր Հայաստանի համար, քանի որ խարխլված վստահությունը վերականգնելու խնդիր ունենք: Մեզ համար այս կարևոր փուլը պետք է հաղթահարենք պատվով՝ ի բարօրություն մեր պետականության:
Մեկ անգամ ևս շնորհավորելով պարոն Ղուկասյանին՝ ուզում եմ մաղթել բեղուն գործունեություն և ասել, որ Լոռին՝ այս կարևոր մարզը, որը պատվից զատ նաև ծանր բեռ է, մենք դնում ենք նրա ուսերին: Միևնույն ժամանակ ակնկալում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների սերտ համագործակցությունը տարածքային կառավարման մարմնի հետ: Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ օր առաջ սեր խաղաղություն ու անդորր հաստատեք մեր համայնքներում,-ասաց նախարարը:
Նորնաշանակ մարզպետն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ Լոռու մարզպետի պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, իր խոսքում մասնավորապես նշեց.
-Այն ես համարում եմ ոչ թե սոսկ պաշտոն, այլ առաքելություն, որը ծառայեցնելու եմ ի նպաստ մեր մարզի զարգացման: Այս մտայնությամբ եմ ես ընդունել իմ՝ Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկը և այս մտայնությամբ եմ առաջնորդվելու պաշտոնավարմանս ողջ ընթացքում: Ծառայելու եմ ժողովրդին, որովհետև վերջին վեց ամիսներին ու այսուհետ ժողովուրդն է իրական իշխանությունը, իրական ընտրողը, և ժողովրդի կամքն անբեկանելի է ցանկացած իրավիճակում: Հենց այս՝ իրական իշխանության կարծիքը պետք է գերակա համարենք մեր բոլոր որոշումները կայացնելիս: Սա է լինելու թե՛ մարզպետարանի, թե՛ մարզի համայնքների, թե՛ մարզային ու համայնքային ենթկայության բոլոր կառույցների ղեկավարների և աշխատակիցների մոտեցումը աշխատանքին,-ասաց Ա. Ղուկասյանը՝ վստահեցնելով, որ լոռեցին շատ կարճ ժամանակում կզգա դրական փոփոխություններ նախ վերաբերմունքի, մոտեցումների, ապա և գործուն քայլերի տեսքով.
-Այս հարցում լինելու եմ չափազանց պահանջկոտ՝ ինքս իմ, ապա և՝ բոլորիդ նկատմամբ: Իմ երազանքն է Լոռին տեսնել զարգացած, լոռեցուն՝ հպարտ ու բարեկեցիկ: Այս նպատակին հասնելու համար չեմ խնայելու ջանք, եռանդ, ոչինչ: Մարզի ցանկացած կառույցում յուրաքանչյուր խախտում, վրիպում, բողոք, կոռուպցիոն ցանկացած դրսևորում համարելու եմ նախևառաջ իմ բացթողումը և ձեռնարկելու եմ անհրաժեշտ բոլոր միջոցները դրանք վերացնելու, ինչպես նաև այդ շղթաներում ներգրավված անձանց օրենքի ուժով պատասխանատվության ենթարկելու համար: Պետք է ամեն ինչ անենք մարզպետարանում, համայնքապետարաններում, մարզային ու համայնքային ենթակայության բոլոր կառույցներում կոռուպցիոն ամենատարբեր դրսևորումները բացառելու համար,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նա նաև նշեց, որ իր ուշադրության կենտրոնում են լինելու թափուր աշխատատեղերի մրցույթները, մարզային կառույցների, համայնքապետարանների և համայնքային ենթակայության հիմնարկների ֆինանսական բոլոր հոսքերը:
-Մարզի տարածքում և մարզպետարանում գործելու է կադրային քաղաքականության մեկ մեխանիզմ. գիտելիքի, կրթական ցենզի, փորձառության ու աշխատանքի որակի մեխանիզմը: Բացառվելու է ծանոթ-խնամի-բարեկամով, անձնական կապերի հաշվին կամ մտերմությամբ տարաբնույթ հարցերի կարգավորման ու աշխատանքի տեղավորման տարբերակը: Մեր աշխատանքում հաջողելու համար պետք է առանցքային փոփոխությունների ենթարկվի նաև մարզպետարանի աշխատաոճը:
Հեղափոխություն արած լոռեցին մեծ սպասելիքներ ունի, և մենք պետք է արդարացնենք նրա բոլոր հույսերը,-իր խոսքը եզրափակելով՝ ասաց մարզի նորանշանակ ղեկավարը:
Հանդիպման ավարտին նախարարի, մարզպետի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց Լոռու մարզպետարանում: