Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն 05.10.2018

05.10.2018

 Հոկտեմբերի 5-ին կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Օրակարգում երեք հարց էր: Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը նախ տեղեկացրեց, որ Լոռու նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանի հրաժարականի դիմումից հետո կառավարության նիստում մարզպետի նշանակման մասին որևէ հայտարարություն չհնչեց, ուստի հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Լոռու փոխմարզպետներից նա, ով ամենաերկարն է աշխատում այդ պաշտոնում, օրենքի ուժով ժամանակավորապես ստանձնելու է մարզպետի պաշտոնը:
Ըստ այդմ, Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն ստանձնեց Արամ Խաչատրյանը: Անցնելով իր աշխատանքային պարտավորություններին՝ Արամ Խաչատրյանը նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել մեծանուն երգչի՝ Շառլ Ազնավուրի հիշատակը:
Նա իր երախտագիտությունը հայտնեց Հրանտ Մարգարյանին՝ միասին աշխատած արդյունավետ ու կառուցողական աշխատանքի համար և կրկին վերահաստատեց այդ պաշտոնն ստանձնելու բոլոր պարտավորությունների հանդեպ իր պատասխանատու վերաբերմունքը:
Ինչպես հայտնի է, 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովը կազմակերպվելու է Հայաստանում: Լոռու մարզի հանձնաժողովը ղեկավարում է փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը: Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնց արդյունքում մայրաքաղաքում, հատուկ առանձնացված վրան-տաղավարում կներկայացվի մարզն իր բոլոր յուրահատուկ դրսևորումներով ու մշակույթով: Հայաստան կժամանեն 80 երկրների առաջին կամ երկրորդ դեմքերի գլխավորած պատվիրակները: Ակնկալվում է հյուրընկալել շուրջ 5000 օտարերկրյա այցելուի: Լոռու մշակութային հատվածը կներակայացնի քանդակագործ-խաչքարագործ Բոգդան Հովհաննիսյանը, ով հենց Ֆրակոֆոն ավանում կաշխատի իր կիսավարտ խաչքարի վրա:
Գալով սեփական եկամուտների հավաքագրմանը՝ ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը ներկայացրեց 9 ամիսների ընդհանուր պատկերը, որը տարվա կատարողականի համեմատ կազմում է 61 տոկոս:
Հավաքագրման ամենացածր ցուցանիշ է գրանցել 8 համայնք, մինչև 80 տոկոս կատարողական է ներկայացրել 11 համայնք, հավաքագրման 100 տոկոսի շեմին է հասել 21-ը, 100 տոկոսը գերազանցել է ընդամենը 16 համայք: Արամ Խաչատրայնը հորդորեց փոխմարզպետներին, որ շարունակեն այս ուղղությամբ տանել անհատական վերահսկողություն, որպեսզի Լոռու մարզն այս ցուցանիշներով հանրապետությունում առաջատար դիրք զբաղեցնի:
Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա իր գոհունակությունը հայտնեց Հրանտ Մարգարյանին իրեն այս պաշտոնում աշխատելու և դրսևորվելու հնարավորություն տալու համար, նշելով, որ առնվազն արդարացի չի լինի շարունակել աշխատանքը, քանի որ ինքը, անկուսակցական լինելով, առաջադրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Ուստի շնորհակալություն հայտնելով մարզպետարանի աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նա հայտարարեց իր հրաժարականի մասին, իսկ քանի դեռ ՀՀ վարչապետը չի ստորագրել հեռացման դիմումը, ինքը կշարունակի նույն ոգևորությամբ ու եռանդով աշխատել՝ ի նպաստ Լոռու մարզի բնակչության:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42