Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսուհետ ևս գործելու եմ հանուն մեր պետականության ամրապնդման

04.10.2018

Հարգելի՛ լոռեցիներ,
ստեղծված քաղաքական նոր իրավիճակի թելադրանքով, աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին:
Լոռու մարզպետի պաշտոնում ընդամենը չորս ամիս տևած իմ գործունեությունն անցավ աշխատանքային անչափ լարված ծանրաբեռնվածությամբ: Անընդմեջ այցելությունները համայնքներ, շարունակական ծրագրերի իրականացմանն ուղղված խորհրդակցություններն ու տեղերում շրջայցերը, գործնական տարբեր հանդիպումները, սահմանված օրերին և գրաֆիկից դուրս հարյուրավոր քաղաքացիների ընդունելությունը, տարբեր միջոցառումներին մասնակցելը և այլ բազմաբնույթ անհրաժեշտ գործեր, մեծ ծանրաբեռնվածություն էին, որը ես կրեցի տոկալով՝ մեր ժողովրդի, Հանրապետության կառավարության ու ինձ մարզպետի պաշտոնում առաջադրած քաղաքական ուժի նկատմամբ մեծ պատասխանատվությամբ:
Այս կարճ ժամանակամիջոցում մեծ արդյունքներ արձանագրելն, անշուշտ, անհնար էր, սակայն, հուրախություն բոլորիս, պարզորոշ ուրվագծվում էին մարզի զարգացման և ազգաբնակչության բարեկեցության ստույգ ակնկալիքները:
Այս ընթացում ես բազմաթիվ նոր ծանոթություններ ունեցա, հիացա և հպարտացա մեր լոռեցիների աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ, հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունների առիթով նրանց ուրախությամբ ու արարելու պատրաստականությամբ: Այս ամենն ու բոլորդ, կմնաք իմ ամենավառ հիշողություններում:
Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր համայնքապետերին, ավագանիների անդամներին, բոլոր ոլորտների աշխատողներին, մարզպետարանի աշխատակազմի իմ գործընկերներին՝ համատեղ ու նվիրված աշխատանքի համար:
Թավշյա հեղափոխության օրերին ես ևս, իմ կուսակիցների հետ, եղել եմ պայքարողների շարքերում և վստահ եմ, որ ժողովրդի կամքի արտահայտությունն ամենազոր է:
Այսուհետ որտեղ էլ որ աշխատելու լինեմ, գործելու եմ հանուն մեր պետականության ամրապնդման, հանուն երկրի բարգավաճման ու ժողովրդի բարեկեցության:
Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ, երջանկություն՝ անձնական կյանքում:

Հրանտ Մարգարյան
Լոռու մարզպետ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49