Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի Լեռնապատ համայնքում նշվել է ավանդական դարձած Լեռնապատի օր միջոցառումը
28.09.2018
Արդեն երրորդ տարին է՝ Լոռու մարզի Լեռնապատ համայնքում մեծ հանդիսավորությամբ նշվում է գյուղի օրը: Սեպտեմբերի 29-ին համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանի հրավերով տոնախմբությանը ներկա գտնվեց Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Մարզպետը հանդիսությունից առաջ եղավ գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհում, որտեղ սուբվենցիոն ծրագրով արդեն ավարտվել է 300 մետր ճանապարհի ասֆալտապատման աշխատանքը: Ջրահեռացման և արտաքին հարդարման աշխատանքները կավարտվեն առաջիկա տասնօրյակում:
Համայնքի ղեկավարը մարզպետ Հրանտ Մարգարյանին ներկայացրեց իրականացված աշխատանքներն ու այն ծրագրերը, որոնք արդեն ընթացքի մեջ են: Մանսավորապես հոկտեմբերի 2-ից կհստակեցվի գյուղ տանող 4.5 կիլոմետրանոց ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ժամանակացույցը, որն իրականացվում է ՀՀ կառավարության հրատապ ծրագրով:
Ողջունելով ու շնորհավորելով լեռնապատցիներին օրվա կապակցությամբ՝ Հրանտ Մարգարյանը վստահեցրեց, որ առաջիկայում կարվի հնարավոր ամենը, որպեսզի համայնքի բնակիչներն ապրեն բարեկեցիկ ու հարմարավետ կյանքով, և այն ամենով, ինչով նրանք կցանկանան զբաղվել, կլինի ոչ թե տանջալից ու անարդյունք աշխատանք, այլ բեղմնավոր ու պատվաբեր առաքելություն՝ ի շահ Լեռնապատի, ի շահ Լոռու մարզի ու ողջ հանրապետության:
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի աշակերտները, որոնք իրենց ելույթներով օրը վերածեցին իսկական տոնի: Ելույթ ունեցան նաև մշակութային այլ խմբեր ու անհատ կատարողներ: Տարբեր մրցասպարեզներում աչքի ընկած լեռնապատցիներն էլ համայնքի ղեկավարի կողմից արժանացան պատվոգրերի ու դրամական պարգևների: