Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դսեղում «Թումանյան» ստեղծագործական տուն կառուցելու նախագիծ է առաջարկում «Մշակույթ» համահայկական հիմնադրամը. Հովհաննես Թումանյանի նվիրական ցանկությունն է
28.09.2018
Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց Համահայկական գրողների միության նախագահ, «Մշակույթ» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, Նոր-Դար հանդեսի խմբագիր, բանաստեղծ Աբգար Ափինյանին և բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանին: Այցի նպատակն էր ստանալ Լոռու մարզպետի համաձայնությունը, որպեսզի Դսեղ համայնքում հատկացվի 1000 քմ տարածք՝ գրողների «Թումանյան» ստեղծագործական տուն կառուցելու համար: Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան 150-ամյակին ընդառաջ նրանք նախատեսում են իրականացնել բանաստեղծի վերջին ցանկությունը՝ Դսեղում կառուցել հանգստյան տուն հայ գրողների համար: Աբգար Ափինյանը նաև նշեց, որ ձևավորվելու է հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում ուրախ կլինեն տեսնելու նաև մարզպետ Հրանտ Մարգարյանին: Շինարարության համար անհրաժեշտ գումարները նրանք նախատեսում են հանգանակել ինչպես «Մշակույթ» համահայկական հիմնադրամի միջոցով, այնպես էլ ներդրողների և բիզնես-ծրագրեր իրականացնող անհատների գործուն մասնակցությամբ:
2019 թվականի փետրվարի 19-ին նրանք ցանկանում են շահագործման հանձնել թիվ 1 մասնաշենքը, իսկ հանգստյան տան տնօրենի նշանակման պատիվը ևս վերապահում են մարզի ղեկավարին:
Մարզպետ Հրանտ Մարգարյանը ողջունելի և ուսանելի համարեց գրողական համայնքի նման հայրենանվեր նախաձեռնությունն ու խորհուրդ տվեց շտապել թե տարածքի ընտրության, թե գումարների հանգանակման և թե կառուցվելիք շինությունների ճարտարապետական տեսքի ընտրության հարցում: Երբ ավագանու որոշմամբ կսահմանվի հատկացվող տարածքի տեղանքն ու չափսերը, հնարավոր կլինի սկսել գաղափարի իրագործումը:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության, գրականության ու գրի մշակների հանդեպ ցուցաբերած հարգանքի համար: Հրանտ Մարգարյանն էլ վստահեցրեց, որ մարզային մակարդակում գրողների միությունը կարող է վստահաբար ակնկալել մարզպետարանի հավանությունն ու օժանդակությունն: