Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է «Թատերական Լոռի» միջազգային 24-րդ փառատոնը

24.09.2018

 Դսեղում մեկնարկեց «Թատերական Լոռի» միջազգային 24-րդ փառատոնը, որին մասնակցում են պրոֆեսիոնալ 22 թատերախմբեր աշխարհի տարբեր երկրներից: Հյուրերը նախ ծաղիկներ դրեցին պոետի սիրտն ամփոփող մատուռին, ապա ելույթ ունեցան բանաստեղծի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանը, փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը, դպրոցի տնօրեն Ռոբերտ Շեկոյանը, թատերագետ Նվարդ Ասատրյանը:
Ալավերդիում՝ Սանահինի պատմական կամրջի հարևանությամբ, հանդիսությունը վերածվեց թումանյանական հանդեսի: Ելույթներ ունեցան քաղաքապետ Սասուն Խեչումյանը, Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի փոխտնօրեն Ա. Բիչենովը, դրամատուրգ Սամվել Խալաթյանը և ուրիշներ:
Վանաձորի, Ստեփանավանի և Ալավերդու գեղարվեստական խմբերը հանդես եկան երաժշտական կատարումներով: Փառատոնը Հայաստանում գործող ամենահին թատերական փառատոնն է և հիմնադրվել է անցյալ դարի 70-ական թվականներին: Հետագայում այն վերածվել է համամիութենական տոնի: 2008 թվականից միջազգային է դարձել: Լայն է փառատոնի աշխարհագրությունը. անց է կացվում Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, գյուղական խոշոր համայնքներում: Ընդհանուր առմամբ թատրոնները հանդես կգան շուրջ 40 ելույթներով:
Փառատոնն այս տարի նվիրված է Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:
Առաջին ներկայացումը Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» բեմադրությունն էր՝ Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնի ներկայացմամբ:
Ալավերդու մշակույթի կենտրոնի բակում նաև բացվեց հուշասյուն՝ այն վայրում, որտեղ հայոց բանաստեղծը ելույթ է ունեցել Ալավերդու պղնձագործների առջև:
Փառատոնի անցկացումը հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի , «Վալլեքս» խմբի ընկերությունների, Ալավերդու քաղաքապետարանի, «Русский мир» հիմնադրամի և Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27