Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիմնանորոգվել է Սպիտակի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոցը

24.09.2018

Սպիտակի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոցը հիմնանորոգումից հետո կրկին նշանավորվեց բացման հանդիսությամբ, որին ներկա էր նաև Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Կարմիր ժապավենը կտրելու և մարզադպրոցի բացումն ազդարարելու պատիվը տրվեց  հայ-ամերիկյան ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների «Սուրբ Ծնունդ» հիմնադրամի նախագահ Հովհաննես Բալայանին և մարզպետ Հրանտ Մարգարյանին:

Շինարարի և մարզադպրոցի տնօրեն Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին մարզադպրոցում: Ամբողջությամբ հիմնանորոգվել է մարզադահլիճը, կառուցվել են սանհանգույցներ և լոգարաններ, բարձր չափանիշներին համապատասխան հանդերձարաններ, ներդրվել է ջեռուցման ժամանակակից համակարգ, ամբողջովին նորոգվել է մարզադպրոցի տանիքը: Երկու փուլով ընթացող շինաշխատանքների առաջին մասում ծախսվել է շուրջ 28 միլիոն դրամ: Բոլոր բարերարների անուններն ու լուսանկարները փակցված են մարզադպրոցի մուտքի պատին: Նրանք հիմնականում ամերիակահայեր են, ովքեր, Հովհաննես Բալայանի հավաստմամբ, պատրաստ են շարունակել իրենց բարեգործական առաքելությունը ոչ միայն Սպիտակում, այլև հանրապետության մյուս համայնքներում:

Ելույթներով հանդես եկան Սպիտակի մշակութային օջախների սաներն ու անհատ կատարողներ: Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն իր խոսքում հիշատակեց, որ հիմնադրամը 88-ի երկրաշարժից հետո Սպիտակում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր, նպաստել աղետի գոտու արագ վերականգնման գործին: Նա իր երախտագիտությունը հայտնեց բոլոր բարերարներին՝ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունը ևս արդյունավետ կստացվի: Իսկ բացման առիթով նա մարզադպրոցի տնօրենին հանձնեց առաջին նվերը: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն իր հերթին վստահեցրեց, որ համայքի ուշադրության կենտրոնում կպահվի մարզադպրոցի հետագա գործունեությունը: Նա հույս հայտնեց, որ համայքի մարզական կյանքը, շնորհիվ վերանորոգված մարզադպրոցի, առավել կակտիվանա, կբազմապատկվեն նաև սպորտային հաջողությունները:

Հրանտ Մարգարյանը շրջեց նաև մարզադպրոցի այն հատվածում, որտեղ դեռևս հիմնանորոգելու անհրաժեշտություն կա՝ վստահեցնելով, որ քայլ առ քայլ հնարավոր կլինի լուծել բոլոր խնդիրներն ու ստեղծել լավագույն պայմաններ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27