Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը աշխատանքային այցով Ստեփանավան խոշորացված համայնքում էր
19.09.2018

Սեպտեմբերի 18-ին աշխատանքային այցով Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Ստեփանավան խոշորացված համայնքի բնակավայրերում՝ Կաթնաղբյուր, Ուրասար և Ստեփանավան: Այցը նաև ճանաչողական էր, ուստի մարզի ղեկավարը Թավշյա հեղափոխության էությանն ու նպատակներին անդրադառնալուց հետո բնակիչներին առաջարկեց ներկայացնել համայնքում առկա և հատկապես առաջնային լուծում պահանջող խնդիրները՝ նշելով, որ դրանց իրականացման հարցում անհրաժեշտ է լրջագույն վերաբերմունք դրսևորել հարկային պարտավորությունների նկատմամբ: Արդարացի չէ հատկապես պետական համակարգում աշխատող բնակիչների անտարբեր վերաբերմունքը, քանի որ նրանք ամենաքաջատեղյակն են, որ համայնքային բյուջեն գոյանում է հենց այդ վճարների շնորհիվ: Մարզի ղեկավարը նշեց, որ անտեսելով պետական համակարգի աշխատակիցներին, առնվազն սխալ է հարկեր ու տուրքեր պահանջել կենսաթոշակառուներից, ովքեր որպես կանոն ամենապարտաճանաչն են այդ հարցում: Նա վստահեցրեց, որ այլապես կկիրառվեն օրենքով նախատեսված ավելի կոշտ միջոցներ՝ գանձելով ոչ միայն սահմանված հարկերը, այլև կուտակված տույժ-տուգանքները:
Բնակիչները ներկայացրեցին իրենց խնդիրները, որոնք բազմաթիվ են ու բազմաբնույթ: Համայնքը չունի մշակույթի պալատ, գյուղ տանող ճանապարհը (մոտ 10 կմ) գտնվում է անմխիթար վիճակում, որն էլ պատճառ է դարձել բնակիչների բողոքի ու հիասթափության: Կան փողոցներ, որոնք զրկված են խմելու ջրից. խողովակաշարերը բացակայում են: Կատարվել է նախագիծ-նախահաշիվ: Պահանջվող գումարը կազմում է 30 միլիոն դրամ: Մարզի ղեկավարն առաջարկեց հարցը ներկայացնել գրավոր: Բնակիչների պնդմամբ ձմռան ամիսներին համայնքը բառացիորեն գտնվում է շրջափակման մեջ: Ճանապարհները մաքրելու համար անհրաժեշտ տեխնիկան մարզպետ Հրանտ Մարգարյանն առաջարկեց ձեռք բերել սուբվենցիոն ծրագրով՝ կատարելով մասնակի ներդրում: Կենսական խնդիր է նաև վառելափայտի հարցը, որը նշված համայնքում անգամ չորուկների տեսքով չկա, քանի որ անտառամերձ բնակավայր չէ: Մարզպետը տեղեկացրեց, որ դիմել են կառավարությանը, տարբերակներ գտնելու առաջարկով:
Ուրասար համայնքում պատկերը գրեթե նույնն էր: Գյուղը գազաֆիկացված չէ, չկա գիշերային լուսավորության համակարգ, գերխնդիր են նաև ներհամայնքային անբարեկարգ ճանապարհները: Մարզի ղեկավարը հանձնարարեց համայնքի միջոցներով կազմակերպել կենտրոնական փողոցների լուսավորությունը: Խմելու ջրի հետ կապված խնդիրները կարճ ժամանակում լուծելու լավագույն տարբերակը մարզպետի առաջարկությամբ Վեոլիա ջուր ընկերության հետ պայմանագիր կնքելն ու բաժանորդագրվելն է: Սակայն այստեղ էլ բնակիչներն են խոսափում՝ գիտակցելով, որ այդ պարագայում արդեն պարտավորվելու են խմելու ջրի համար վճարել:
Ստեփանավան քաղաքում մարզի ղեկավարը հանդիպում ունեցավ ավագանու անդամների և համայնքի բնակիչների հետ: Նրանց խոսքով ամենաիրատեսականը քաղաքում տուրիզմի զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը կլինի, որը կարող է մասնակի լուծում տալ նաև պատուհասած գործազրկությանը: Մարզպետը նշեց, որ ռազմավարական առաջնահերթություն է տրվելու տուրիզմի զարգացմանը, իսկ հատկապես Ստեփանավան քաղաքն արդեն իսկ ներառված է այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի ցանկում: