Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի Դարպաս համայնքում գործող հակակարկտային ցանցերի արտադրամասը միակն է տարածաշրջանում

17.09.2018

 2018 թվականի հունիսի 21-ին կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգել էր «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:
Ներդրումային ծրագրի շրջանակում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ընկերությունը նախատեսում էր կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։
Ըստ նախնական տեղեկության, ընկերությունը կատարելու էր 2,25 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը շուրջ 102,9 մլն դրամն էր։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կանխատեսվում էր ստեղծել 24 աշխատատեղ` 320 հազար դրամ միջին աշխատավարձով:
Ընկերությունն իտալական CARMAC S.R.L.-ի հետ մշակել է գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և դրանց ներդրման ողջ համակարգի արտադրության ծրագիր:
Սեպտեմբերի 14-ին Դարպաս համայնքում կայացավ արտադրամասի բացման արարողությունը, որին ներկա էին գյուղատնտեսության նորանշանակ փոխնախարար Արտակ Քամալյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, այլ հյուրեր: CARMAC S.R.L ընկերության տնօրեն Անդրեա Կարապետյանը,ներկայացնելով արտադրամասի գործունեությունը, նշեց, որ արտադրում են ցանցեր, սյուներ եւ այլ սարքավորումներ, որոնք բերքը 100 տոկոսով կպաշտպանեն կարկուտից: Ունեն օգտագործման 20 տարվա երաշխիք: Արտադրատեսակներն ավելացնելու և ծավալները բազմապատկելու լավ հնարավորություն կա:
Նախարարության ծրագրով արտադրանքը գնելու հարցում գյուղացիները աջակցություն կստանան՝ ձևակերպելով ցածր տոկոսադրույքով վարկեր (2 տոկոս): Այս պահին արտադրամասն ունի 30-ից ավելի աշխատակից, որոնք մասնագիտական վերապատրաստում են ստացել Իտալիայում:
Զրուցելով ընկերության և գյուղնախարարության ներկայացուցիչների հետ՝ մարզի ղեկավարը հույս հայտնեց, որ արտադրամասը իր արտադրանքի որակով ու ծավալներով կարող է նպաստավոր խթան հանդիսանալ գյուղատնտեսության զարգացման գործում: Իսկ տեղում արտադրելու առավելություններից՝ հատկապես ներկրվող նույն ապրանքի համեմատությամբ մոտ 40 տոկոս էժան գնից, գյուղատնտեսները կրկնակի օգուտ կստանան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38