Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Լոռու մարզպետի ղեկավարությամբ

14.09.2018

 Համաձայն «Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018թ. հիմնական միջոցառումների պլանի» սեպտեմբերի 14-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի ղեկավարությամբ իրականացվեց «Լոռու մարզի անտառային և այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: Մարզպետի որոշմամբ ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ է նշանակվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, ՓԾ գնդապետ Կարեն Հովհաննիսյանը:
Ուսումնավարժության առաջին փուլը կազմակերպվել էր մարզպետարանի նիստերի դահլիճում, որտեղ մասնակից ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները շտաբի պետից տեղեկացան ուսումնավարժության պլանի մասին, խոսեցին հնարավոր այն խնդիրներից, որոնք կարող էին առաջանալ պայմանական դեպքի վայրում բուն գործողություններն իրականացնելիս:
Մարզպետ Հ. Մարգարյանը հույս հայտնեց, որ ուսումնավարժությունը կծառայի իր նպատակին՝ կատարելագործել մասնակիցների հմտություններն ու ունակությունները անտառային և այլ բուսածածկ տարածքներում առաջացած հրդեհների ժամանակ և ստեղծել կայուն ու արդյունավետ համագործակցություն մասնակից ստորաբաժանումների միջև՝ բնակչության պաշտպանությունը լիարժեք իրականացնելու համար:
Ուսումնավարժության գործնական փուլը ծավալվեց Լոռու մարզի Փամբակ համայնքում՝ երկաթուղու «Փամբակ» կայարանին հարակից անտառածածկ և բուսածածկ տարածքում: Գործնական աշխատանքներին ներկա էին Լոռու մարզպետարանի ղեկավար կազմը, մարզպետ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի պատվիրակությունը՝ ղեկավար գեներալ-լեյտենանտ Լի Թաֆանելիի գլխավորությամբ, Միացյալ թագավորության ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ուիլյամ Ջորջը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հ.Եմիշյանը և փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տ.Պետրոսյանը, մարզային ծառայությունների ղեկավարներ:
12 տեղամասերում իրականացվեցին պլանով նախատեսված փրկարարական աշխատանքներ և օժանդակ գործողություններ:
Թիվ 1 տեղամաս
Ղեկավարման շտաբի և տեսակավորման կետի ծավալում
Վանաձորի թիվ 1 ՀՓՋ,«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնության ծառայություն
Թիվ 2 տեղամաս
Դաշտային խոհանոցի ծավալում
ՊՆ թիվ 3 բանակային կորպուս, «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղ
Թիվ 3 տեղամաս
Երթևեկության սահմանափակում և հասարակական կարգի պահպանություն
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտ
Թիվ 4 տեղամաս
Հրդեհաշիջման աշխատանքներ՝ հրշեջ ավտոբաքի միջոցով
Գուգարքի ՀՓՋ
Թիվ 5 տեղամաս
Հրդեհաշիջման աշխատանքներ՝ հրշեջ գնացքի միջոցով
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Վանաձոր» գծային-կայարանային միավորում, հրշեջ-գնացք
Թիվ 6 տեղամաս
Հրդեհաշիջման աշխատանքներ՝ հրշեջ ավտոբաքի միջոցով՝ բնակելի տանը
Վանաձորի թիվ 2 ՀՓՋ
Թիվ 7 տեղամաս
Հրդեհաշիջման աշխատանքներ` հրդեհի եզրով կրակին խփելու և հրդեհի եզրերը հողով լցնելու եղանակով
Անտառտնտեսության Գուգարքի և Եղեգնուտի մասնաճյուղեր,Դարպաս և Վահագնի համայնքների արձագանքման թիմեր
Թիվ 8 տեղամաս
Հրդեհի տարածման ճանապարհին արգելափակիչ շերտի անցկացում
ՊՆ թիվ 3 բանակային կորպուս
Թիվ 9 տեղամաս
Վտանգավոր գոտուց տուժածների դուրսբերում գետանցումով, առաջին օգնության ցուցաբերում, տեղափոխում տեսակավորման կետ, հոսպիլատացում
Վանաձորի թիվ 2 ՀՓՋ, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնության ծառայություն
Թիվ 10 տեղամաս
Միջին ճնշման գազատար խողովակի վթարի հետևանքների վերացում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ԳԳՄ
Թիվ 11 տեղամաս
Քլոր տեղափոխող մեքենայի վթարի հետևանքների վերացում
Վանաձորի թիվ 1 ՀՓՋ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Լոռի մասնաճյուղ
Թիվ 12 տեղամաս
Մարդատար ավտոմեքենայի վթարի հետևանքով տուժածների դուրսբերում, առաջին օգնության ցուցաբերում, հոսպիլատացում
Վանաձորի թիվ 1 ՀՓՋ, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնության ծառայություն
Ուսումնավարժությունն անցավ բարձր մակարդակով և արժանացավ ներկաների գնահատականին:
Ուսումնավարժության ավարտին գեներալ-լեյտենանտ Լի Թաֆանելին շնորհակալություն հայտնեց ուսումնավարժության կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ուսումնավարժությունը բարձր մակարդակով անցկացնելու համար ու ծառայությունների ներկայացուցիչներին հանձնեց հուշանվերներ: Հրանտ Մարգարյանն իր հերթին երախտագիտություն հայտնեց ուսումնավարժության կազմակերպման և անցկացման գործում ուղիղ և անուղակի մասնակցություն ունեցող անհատներին և ստորաբաժանումներին, իսկ Միացյալ Նահանգներից ժամանած սպաներին վստահեցրեց, որ Լոռու մարզը ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային բարձր որակների շնորհիվ մշտապես պատրաստ ու պատրաստակամ է դիմակայելու բնական ու մարդածին ցանկացած տիպի աղետին:
Ուսումնավարժության ներկաները և մասնակիցները ճաշակեցին դաշտային խոհանոցում պատրաստված զինվորական ճաշատեսակները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02