Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օծվեց Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգակատան խաչը

07.09.2018

Սեպտեմբերի 7-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, օծվեց Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգակատան խաչը:
Օծման հանդիսությանը ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը, համայնքի բնակիչներ, առավելապես դպրոցահասակներ, հավատավոր հայորդիներ, հյուրեր:
Զանգակատան վերականգնման և խաչի պատրաստման աշխատանքները իրականցվել են Կամո և Ալիկ Գասպարյան եղբայրների և Արմեն Թումանյանի բարերարությամբ: Բարերար այլ հայորդիների կողմից նույն օրը եկեղեցուն նվիրաբերվեցին նաև սրբապատկերներ, որոնք ևս սրբազան հայրն օրհնեց և մաքրագործեց սուրբ մյուռոնով:
Թումանյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը ներկայացրեց եկեղեցու ստեղծման պատմությունը, տարիների ընթացքում Գուգարաց թեմի և նրա առաջնորդ գերաշնորհ Սեպուհ սրբազանի կողմից իրականացված աշխատանքերը եկեղեցու վերականգնման գործում: Խաչի օծման արաողությանը հաջորդեց հավատացյալների միասնական աղոթքն արդեն եկեղեցու ներսում, իսկ այդ ընթացքում տեղադրվեց օծյալ խաչը: Թեմակալ առաջնորդը ևս մեկ անգամ իր երախտիքի խոսքն ուղղեց բարերարներին՝ հատուկ ընդգծելով հոգևոր ու բարոյական այն մեծ արժեքի ու կարևորության մասին, որը հավատքի ու խաչի զորացման հիմքն է ու հայ ժողովրդի գոյատևման ամուր երաշխիքներից մեկը:
Աստվածահաճո արարողությունն ավարտվեց սուրբ մատաղով:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանի ուղեկցությամբ թեմակալ առաջնորդն ու մարզի ղեկավարը շրջեցին Մեծ Լոռեցու հայրական տանը, խոսեցին կատարված աշխատանքներից ու թանգարանում առկա որոշ խնդիրներից:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49