Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը ծանոթացավ կրթական ոլորտում Վանաձորում իրականացվող մի շարք շինաշխատանքների ընթացքին
31.08.2018
2018թ Վանաձորում կրթական ոլորտում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն աշխատանքային շրջայց կատարեց Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի նորակառույց շինհրապարակում, թիվ 11 մանկապարտեզի մասնաշենքերում, Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում և ճանաչողական այցով եղավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում: Մարզի ղեկավարին ուղեկցում էին փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը, կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետական բաժնի պետ Ալեքսանդր Հարությունյանը:
Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցը նոր կառուցվող 450 աշակերտ տեղով երկհարկանի համալիր է՝ բաղկացած 3 մասնաշենքերից, 5x5 մ կաթսայատնից և 2 բաց խաղադաշտերից:
Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է/ՀՏԶՀ/, նախագծային կազմակերպությունը՝ «Հայնախագիծ» ՓԲԸ, հեղինակ՝ Ստեփան Լազարյան: Պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 798.0 մլն.դրամ: Շինության ընդհանուր մակերեսը 3974.0 քառ. մետր է, հողամասի մակերեսը՝ 7326.7քառ. մետր: Գլխավոր կապալառուն հանդիսանում է «Արփա-Սևան» ԲԲԸ: Շինարարը մարզի ղեկավարին նաև տեղեկացրեց, որ աշխատանքների մեկնարկը տրվել է 2017 թվականի ապրիլին և նախատեսվում է շահագործման հանձնել 2019 թվականի մարտին: Սկսված են ներքին հարդարման աշխատանքները: Ծրագիրն ընթացքի մեջ է:
Դպրոցի տնօրենը Հրանտ Մարգարյանին փոխանցեց իր մտահոգությունը՝ կապված վերգետնյա անցում կառուցելու և դպրոցի տարածքում գտնվող քարաշեն էլեկտրակայանը աշակերտների համար առավելագույնս անվտանգ դարձնելու և մեկուսացնելու հետ:
Հաջորդ կանգառը Վանաձորի թիվ 11 մանկապարտեզն էր, որտեղ 2017 թվականի նոյեմբերից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2018 թվականի դեկտեմբերին: Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է /ՀՏԶՀ/, ծրագրային արժեքը՝ 158.4մլն.դրամ: Գլխավոր կապալառուն հանդիսանում է «Բազալտշին» ՍՊԸ-ն: 2017թ. իրականացվել են 47.3 մլն.դրամի շինարարական աշխատանքներ: 2018թ.-ի համար կծախսվի մնացյալ 111.1 մլն.դրամ գումարը:
Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը քառահարկ մասնաշենք է, ունի մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ:
Պատվիրատուն ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն է, նախագծային կազմակերպությունը՝ «Քվէ նախագիծ» ՍՊԸ-ն: Նախահաշվային արժեքը 930.0 մլն.դրամ է, շինարարությունը մեկնարկել է 2017թ.-ին: 2017-ին իրականացվել են 40 միլիոն դրամի շինաշխատանքներ, այս տարի նախատեսված է ծախսել ևս 100.0մլն.դրամ: Քոլեջի տնօրեն Արմինե Ասլանյանը հատուկ կարևորեց այն աշխատանքները, որ իրականացվում են հաստատությունում: Նա նշեց, որ արվեստի այս կենտրոնը ներկայանալի տեսքի բերելուց հետո կարելի է ակնկալել նաև ուսանողների ներհոսք, իսկ միջոցառումներն ու մարզումները կկազմակերպվեն բարձր մակարդակով:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը հագեցած էքսկուրս կազմակերպեց հյուրերի համար՝ ներկայացնելով վերջին տարիների գրեթե բոլոր ձեռքբերումները, մասնաճյուղի բյուջեով գնված ուսումնական գույքը, գյուղատնտեսական և լաբորատոր բացառիկ սարքավորումներն ու գերժամանակակից համակարգով վերազինված կաբինետները: Համալսարանին կից գտնվող կիսաքանդ մասնաշենքը տնօրենի խոսքով կարող էր հիանալի հնարավորություններ ստեղծել ինչպես կրթական որակը բարձրացնելու, այնպես էլ ուսանողների ներհոսք ապահովելու և բարձրակարգ մասնագետներին հանրապետության այլ քաղաքներից հրավիրելու առումով: Նոր լաբորատորիաները, հանրակացարանը և հյուրերի համար նախատեսվող սենյակները կարող են նպաստել այդ գաղափարի կայացմանը: Մարզպետն առաջարկեց մասնաշենքի շինարարական աշխատանքերի նախահաշիվը ներկայացնել գրավոր: