Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
27.08.2018
Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Օրակարգի առաջին հարցով Լոռու մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանն անդրադարձավ նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքներին՝ նշելով, որ մարզի ղեկավարից համապատասխան ստորաբաժանումներն ստացել են ցուցումներ, և դրանք կատարվում են պատշաճ կարգով: ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից տրված հանձնարարականներից առավել կարևորները երեքն են՝ «Մաքուր Հայաստան» ծրագրի, վաղը Վանաձորում կայանալիք օգոստոսյան խորհրդակցության և սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ: Մարզի բնակչության շրջանում դեռևս շարունակում է պահպանվել այն սխալ պնդումը, թե իբր հարկերի մասով համաներում է սպասվում: Այդ առումով կարևորվեց նաև փոխմարզպետների և ստորաբաժանումների ղեկավարների գործուն մասնակցությունը՝ հատկապես աշխատանքային շրջայցերի ժամանակ բնակիչներին տեղում իրազեկելու առումով:
Մարզպետի տեղակալներ Անդրեյ Ղուկասյանը և Սերգեյ Սարուխանյանը, ըստ համակարգման ոլորտների, ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, անցկացված հանդիպումների և աշխատանքային քննարկումների արդյունքները:
Սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը: Նա տեղեկացրեց, որ օգստոսի 24-ի դրությամբ եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է ընդամենը 51 տոկոս. պակաս է հավագրվել շուրջ 223 մլն դրամ: Մարզպետ Հ. Մարգարյանը, նշված ցուցանիշերն անընդունելի համարելով, փոխմարզպետներին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց կարճ ժամկետներում շտկել իրավիճակը:
Ստացվել են տասնյակ դիմումներ, որոնք կքննարկվեն և կփոխանցվեն համապատասխան ստորաբաժանումներին: