Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Դեպի Հայք» հիմնադրամի հերթական նվերը Արևածագ համայնքի Կարո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցի համար է
27.08.2018
Արևածագի Կարո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից վերանորոգված մշակույթի սենյակի և մեկ դասասենյակի բացման արարողությունը: Ներկա էին Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը, Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, Արևածագի վարչական ղեկավար Արթուր Հովհաննիսյանը, «Հայաստանի մանուկներ» և «Դեպի Հայք» հիմնադրամների ներկայացուցիչներ, կամավորներ, հյուրեր:
Բացմանը շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Արմինե Երիցյանը: Նա կարևորեց մշակույթի սենյակի հիմնումը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով ծրագրի աջակիցներին և Արևածագ համայնքի կամավորներին, դպրոցի աշակերտներին, որոնք մեծ օգնություն են ցուցաբերել վերանորոգման աշխատանքներին: Երախտիքի խոսքեր հնչեցնելով «Դեպի Հայք» հիմնադրամի ղեկավար Սևան Կաբակյանի հասցեին՝ Ա. Երիցյանը նշեց, որ հիմա, առավել քան երբևէ, Հայաստանի քաղաքացիների համար խիստ կարևոր է սփյուռքահայ բարերարների աջակցությունը: Միասնականության մի դրսևորումը այսօրվա մշակույթի կենտրոնն է, մյուսը՝ COAF-ի աջակցությամբ ստեղծված ճաշարան-հանդիսությունների սրահը:
Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը իր և մարզի ղեկավար Հրանտ Մարգարյանի անունից շնորհավորեց դպրոցի աշխատակազմին, աշակերտներին և նրանց ծնողներին գյուղական համայնքում մշակույթի զարգացմանը նպաստող հերթական կենտրոնի ստեղծման համար՝ վստահություն հայտնելով, որ այն կծառայի իր լիարժեք նպատակին, և կարճ ժամանակահատվածում մշակութային առաջընթացը այցեքարտ կդառնա դպրոցի և համայնքի համար: Իսկ մարզային իշխանությունների կողմից աջակցությունը հիմնավոր ու նպաստավոր է լինելու, խրախուսվելու է մարզի զարգացմանը միտված ցանկացած ծրագիր ու գաղափար: Օգտվելով առիթից, Ս. Սարուխանյանը հատուկ ընդգծեց, որ հարկերի հավաքագրումից է կախված նաև տվյալ համայնքում ծրագրերի իրականացման հավանականությունը, ուստի մեկ անգամ ևս կոչ արեց ներկաներին՝ չհետաձգել դրանց վճարումն ու խնդրանքը փոխանցել համայնքի մյուս բնակիչներին: