Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի նիստ
24.08.2018
![](http://lori.mtad.am/files/n_pics/16809_s.jpg)
Այսօր անցկացվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի նիստ, որը վարում էր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Նա, ողջունելով ներկաներին, տեղեկացրեց, որ սեպտեմբերի 15-ին տեղի ունենալիք «Մաքուր մոլորակ» միջոցառմանը պատշաճ կերպով ներկայանալու նպատակով սեպտեմբերի 8-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ:
-Ծրագիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության ներքո, և կատարման ընթացքն անմիջապես վերահսկվելու է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից: Հետևաբար, կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել տարվող աշխատանքներին՝ ներգրավելով ոչ միայն պետական հաստատություններում աշխատող անձանց, այլև մասնավոր կառույցների աշխատակիցներին, բնակչությանը,-ասաց Հ. Մարգարյանը:
Մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանն իր հերթին նշեց, որ միայն այս տարի նմանատիպ արդեն 3-րդ համապետական շաբաթօրյակն է իրականացվում, և Լոռու մարզը մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել:
Հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում անցկացված խորհրդակցության արդյունքում հնչած հանձնարարականները: Մասնավորապես. համայնքների ղեկավարների կողմից պետք է կազմվեն շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլաններ՝ հստակ նշելով գործողությունների սխեմաները՝ ներառելով բոլոր մայրուղիները, զբոսաշրջային ուղիները, բնական և պատմական հուշարձանների տարածքները: Հանձնարարվել է նաև ակտիվ աշխատանքներ իրականացնել քաղաքացիների առավել ակտիվ մասնակցությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև համայնքներում գործող բոլոր համայնքային, մարզային ենթակայության կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, մասնավոր ընկերությունների մասնակցությունը ապահովելու ուղղությամբ: Միջոցներ պետք է ձեռնարկվեն նաև փակման ենթակա աղբանոցների փակման համար:
Ս. Սարուխանյանը նշեց, որ ասյուհետ առավել խիստ պետք է լինի վերահսկողությունը չնախատեսված վայրերում աղբ թափելու խնդրի նկատմամբ և առավել պատշաճ պետք է իրականացվի սանիտարական մաքրումը համայնքներում: Վերջինիս հետ կապված տեղեկացվեց, որ Վանաձորի քաղաքապետարանը առաջիկայում նախատեսում է քաղաքում տեղադրել թվով 30 տեսախցիկ, որոնց մի մասը կտեղադրվի հենց այն հատվածներում, որտեղ առավել ինտենսիվ է կատարվում ապօրինի աղբաթափությունը:
Հանձնարարվել է նաև շարունակել իրավաբանական անձանց հետ աղբահանության ծառայությունների դիմաց պայմանագրերի կնքման գործընթացը:
Համայնքների ղեկավարները նախատեսվող աշխատանքների հետ կապված մի շարք խնդիրներ բարձրացրեցին: Արջուտ համայնքի ղեկավար Վարդան Մկրտչյանն անդրադարձավ համայնքի տարածքում գտնվող աղբավայրի փակման հարցին՝ նշելով, որ ավելի քան 1000 մեքենա աղբ արդեն իսկ թափվել է աղբավայրից դուրս, քանի որ այն վաղուց կոնսերվացման ենթակա է: Մարզպետը նշեց, որ հարցը քննարկվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ու ներկայում խնդրի լուծման արդյունավետ ուղիներ են փնտրվում:
Ս. Սարուխանյանը խորհրդակցության ավարտին նշեց, որ նախարարությունում անցկացված խորհրդակցության ընթացքում մի քանի անգամ շեշտվել է նախորդ շաբաթօրյակներին Լոռու մարզի ակտիվ մասնակցությունը և հույս հայտնեց, որ նույնպիսի արձագանք կլինի նաև այժմ: