Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

23.08.2018

Օգոստոսի 22-ին մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա մարզպետ Հրանտ Մարգարյանի, փոխմարզպետներ Արամ Խաչատրյանի, Սերգեյ Սարուխանյանի և Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նախ եղավ Գոգավանի մաքսակետում, ապա մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, հարկային, տեսչական մարմինների, ուժային կառույցների ղեկավարների, Վանաձորի քաղաքապետի մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում:
Անդրադառնալով խորհրդակցության բուն թեմային՝ փոխվարչապետը նշեց, որ իրազեկ է մարզում առկա բազմաթիվ խնդիրների մասին և նշեց, որ նոր կառավարությունը պատրաստակամ է դրանց լուծման ուղղությամբ գործնական քայլեր իրականացնել:
-Մարզը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Բոլոր այն ներդրողները, ովքեր հետաքրքրություններ կունենան մարզերում ներդրումներ կատարելու, ուղղորդելու ենք նաև Լոռու մարզ: Վերջինս մեր ցանկում առաջիններից է լինելու,-ասաց Տ. Ավինյանը:
Գոգավանի անցակետ այցի վերաբերյալ նա պարզաբանեց.
-Այստեղ ճանապարհաշինության հետ կապված որոշակի խնդիրներ են ծագել վրացական մասում: Հետևաբար, մենք պետք է բանակցենք մեր գործընկերների հետ և հասկանանք, թե ինչ ժամկետներում հնարավոր կլինի ճանապարհը պատշաճ մակարդակի բերել, որպեսզի մաքսակետն աշխատի իր ողջ ներուժով:
Դիմելով հարկային ոլորտի մարզային պատասխանատուներին՝ փոխվարչապետը նշեց, որ տեղեկություններ է ստացել մարզում գործունեություն ծավալող որոշ խոշոր գործատուների ՝ դեռևս ոչ ամբողջությամբ հարկային դաշտում աշխատելու վերաբերյալ:
- ՀՀ-ում գործարարությամբ զբաղվելը խրախուսվում է, «ստվերում» աշխատելը՝ ոչ: Կարծում եմ, որ հարկային մարմինները պետք է շարունակեն կատարել իրենց պարտականությունները առանց կոշտ միջոցների կիրառման, միմիայն բանակցությունների ճանապարհով, - նշեց փոխվարչապետը:
Խորհրդակցությունից հետո Տիգրան Ավինյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Մասնավորապես, Վանաձորում հացի գնի թանկացման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ փոխվարչապետը նշեց, որ խնդիրը բարձրացվել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կողմից, հաց արտադրող ընկերությունները մի շարք պատճառաբանություններ են հնչեցրել: Ինքը հանձնարարել է խնդրի հետ կապված ուսումնասիրություններ իրականացնել՝ պարզելու օբյեկտի՞վ է արդյոք թանկացումը:
Թեղուտի շահագործման դադարեցման վերաբերյալ հարցին փոխվարչապետը պարզաբանեց, որ այս պահի դրությամբ բանակցություններ են ընթանում գլխամասային «ՎՏԲ բանկի» և «Վալլեքս» ընկերության միջև:
-Խնդիրը կապված է նախկինում պոչամբարի և դամբայի վերաբերյալ տրված տեխնիկական սխալ գնահատկանի հետ: Մենք ամեն կերպ փորձում ենք բանակցային գործընթացն արագացնել: Այս բանակցությունների արդյունքում «Վալլեքսը» կամ կշարունակի շահագործել Թեղուտը կամ կգա նոր ընկերություն, որը կշարունակի վերագործարկումը: Պոչամբարի հետագա շահագործումը պահանջում է նոր, լրացուցիչ ներդրումներ: Այս խնդիրը գտնվում է պետության և կառավարության ուշադրության կենտրոնում: Այնուամենայնիվ, խնդիրը «Վալլեքսի» և «ՎՏԲ-ի» բանակցությունների արդյունքում պետք է լուծվի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հանգուցալուծումը շատ արագ տեղի ունենա,-ասաց Տ. Ավինյանը:
Հարց հնչեց նաև մարզում ճոպանուղու կառուցման ծրագրի վերաբերյալ: Փոխվարչապետը պարզաբանեց, որ եթե համայնքի բնակիչները ցանկանան իրենց տարածքները վաճառել ճոպանուղու կառուցումն իրականացնել ցանկացող ընկերությանը, խնդիրը կարող է լուծվել:
-Այդ տարածքները գերակա շահ չեն ճանաչվելու և դա արվելու է միմիայն բնակիչների ցանկությամբ,-ասաց նա:
Տ. Ավինյանը խոսեց նաև այս տարի պետական աջակցությամբ իրականացվելիք ծրագրերի մասին՝ նշելով, որ հրատապ ծրագրերի շրջանակներում մարզում նախատեսվում է իրականացնել շուրջ 440 մլն դրամի և սուբվենցիոն ծրագրերով՝ շուրջ 648 մլն դրամի աշխատանքներ:
Օրվա երկրորդ կեսին այց կատարվեց «Գլորիա» կարի ֆաբրիկա, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն և «Սլացք» արտադրական միավորում, ուր Տ. Ավինյանը ծանոթացավ կատարվող աշխատանքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59