Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սարահարթ համայնքում մարզպետի մասնակցությամբ կայացել է ավագանու ընդլայնված նիստ
22.08.2018
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանի, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այսօր աշխատանքային այցով եղավ Սարահարթ համայնքում, հանդիպեց ավագանու անդամների և բնակիչների հետ:
Բարձրացված խնդիրներից հրատապը պոմպակայանի վերակառուցման հարցն էր, որի գործարկումը դադարեցվել է 2004 թվականից: Ջրային կոմիտեի կողմից կազմվել է 54 մլն դրամ արժողությամբ նախահաշիվ: Պոմպակայանի վերագործարկումը կլուծի մոտ 150 հեկտար գյուղական վարելահողերի և մոտ 58 հեկտար տնամերձ հողամասերի ոռոգման խնդիրը: Մարզպետը հանձնարարեց ուսումնասիրության համար խնդիրը ներկայացնել գրավոր:
Պակաս հրատապ չէր նաև հաջորդ մտահոգությունը: Համայնքում չկա պոլիկլինիկա, բնակիչները օգտվում են Մեծ Պարնի համայնքի պոլիկլինիկայից, որը տեխնիկապես նվազ վերազինված է, իսկ հարևան համայնք մեկնելն առաջացնում է տրանսպորտային հավելյար անհարմարություններ: Առավել բարդ բժշկական միջամտությունների համար բնակիչները մեկնում են Սպիտակի բժշկական կենտրոն և, ուղեգիր չունենալու պատճառով, ծառայությունների համար ստիպված են լինում վճարել: Խնդիրը շրջանցելու համար բնակիչները պատրաստ են անգամ փոխել իրենց գրանցման վայրը: Մարզպետը տեղեկացրեց, որ առողջապահության ոլորտը համակարգող փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանին կհանձնարարի զբաղվել խնդրով:
Ավագանու ընդլայնված նիստի ընդացքում Սարահարթ համայնքի ղեկավար Վասիլ Փիլոյանը ներկայացրեց իր հրաժարականի դիմումը՝ պատճառաբանելով առողջական խնդիրները և գերծանրաբեռնվածությունը: Ավագանին միաձայն ընդունեց դիմումը: