Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վճարելով հարկերը՝ բնակիչներն իրենց նպաստն են բերում համայնքի զարգացմանը. մարզպետ Հրանտ Մարգարյանն աշխատանքային այցով եղավ Շահումյան և Ձորագյուղ համայնքներում
20.08.2018
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, ավագանու նիստին ներկա գտնվելու նպատակով, մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ եղավ Ձորագյուղ համայնքում: Նիստն ընթանում էր ընդլայնված կազմով: Ներկա էին նաև գյուղի ակտիվ բնակիչները, իսկ օրակարգում ընդամենը մեկ հարց էր՝ համայնքի ղեկավար Սուրեն Հարությունյանի հրաժարականի դիմումը: Մինչ քվեարկությունը, Ս. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Հ. Մարգարյանին, պաշտոնատար այրերին և բնակիչներին նիստին ներկա գտնվելու ու նաև համատեղ աշխատանքի համար: Նա նշեց, որ համայնքում եկամուտների հավաքագրման մակարդակը պլանի դիմաց ընդամենը 52 տոկոս է կազմում, գյուղում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ուստի, չկարողանալով լուծում տալ դրանց, հարկ է համարում վայր դնել լիազորությունները: Ավագանին գյուղապետի հրաժարականն ընդունեց միաձայն: Ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց տեղակալը՝ Ռազմիկ Հարությունյանը:
Հ. Մարգարյանն, անդրադառնալով երևույթին, նշեց, որ Սուրեն Հարությունյանը պատվախնդիր քայլ է կատարել՝ համայնքի ղեկավարման ղեկը թողնելով նրանց, ովքեր իրենց մեջ ուժ կգտնեն համայնքի առջև ծառացած խնդիրները լուծելու: Մարզպետը զրուցեց նաև ավագանու անդամների և բնակիչների հետ: Վերջիններս ներկայացրեցին, որ գյուղում կան ճանապարհների բարեկարգման, լուսավորության խնդիրներ, որոշ հողատեսքերի նպատակային նշանակության փոփոխության անհրաժեշտություն և այլն: Հ. Մարգարյանն իր հերթին նշեց, որ համայնքում ցանկացած ծրագրի իրականացում ուղիղ համեմատական է սեփական եկամուտների հավաքագրման մակարդակին, ուստի բնակիչները պետք է գիտակցեն, որ, վճարելով հարկերը, իրենց նպաստն են բերում համայնքի զարգացմանը:
Մարզպետը նույն օրը եղավ նաև Շահումյան համայնքում, որտեղ ծանոթացավ տեղի դպրոցում պետական միջոցներով իրականացված աշխատանքների արդյունքներին: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 6,7 մլն դրամ: Շինաշխատանքներն իրականացրել է «Հ. Պողոսյան» ՍՊԸ-ն: Շինարարությունը մեկնարկել էր այս տարվա ապրիլին: Ծրագրի շրջանակներում դպրոցի առաջին մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերի 10 դասասենյակում ջեռուցման համակարգեր են տեղադրվել, երկրորդ մասնաշենքում վերանորոգվել է 71 քմ մակերեսով դահլիճը: Ինչպես ներկայացրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, դպրոցը նաև հենապատի նորոգման խնդիր ունի՝ նշելով, որ աշխատանքների հետաձգման դեպքում խնդիրը կարող է ավելի խորանալ և դառնալ առավել ծախսատար: Հենց տեղում որոշում կայացվեց առաջիկայում դիտարկել հարցի լուծման հնարավորությունները: