Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորովածի փառատոնը կայացավ

20.08.2018

Հայաստանն ամբողջ աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու, մեր երկրում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով այս տարի ևս անցկացվեց Խորովածի միջազգային օրը: Օգոստոսի 18-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքի մարզադաշտում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած խորովածի փառատոնի 10-ամյա հոբելյանական միջոցառումը: Փառատոնին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից ժամանած 30 թիմ: Փառատոնը կազմակերպվում է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Լոռու մարզպետարանի և Ախթալայի քաղաքապետարանի աջակցությամբ՝ սկսած 2009 թվականից:
Ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանն ու Սերգեյ Սարուխանյանը, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը, փառատոնի հիմնադիր Վազգեն Խաչիկյանն ու հարյուրավոր այլ հյուրեր:
Փառատոնը կազմված էր երկու մասից՝ մրցութային և գեղարվեստական: Առաջին հատվածում մասնակիցները ներկայացրեցին խորովածի տեսականիները, այնուհետև 10 անդամից բաղկացած ժյուրին գնահատեց երեք անվանակարգում՝ «Լավագույն տեսք», «Լավագույն համ» և «Լավագույն մտահաղացում»: Խաղարկվեց նաև հոբելյանական արձանիկի տեսքով գլխավոր մրցանակը: Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները, համապատասխանաբար, պարգևատրվեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով:
Փառատոնի կազմակերպիչներին և հյուրերին ողջունեց մարզպետ Հրանատ Մարգարյանը: Նա միջոցառման կազմակերպման և հայ խոհարարական ավանդույթների պահպանման ու տարածման համար շնորհակալագիր և նվեր հանձնեց Սեդրակ Մամուլյանին:
Փառատոնը ուղեկցվեց մշակութային գեղեցիկ կատարումներով, կենդանի երգ-երաժշտությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:14:17