Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց Բազում, Դարպաս և Գուգարք համայնքներ

16.08.2018

Մարզպետ Հրանտ Մարգարյան այսօր մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Գուգարքի տարածաշրջանի Բազում, Դարպաս և Գուգարք համայնքներ՝ հանդիպումներ անցկացնելով համայնքների ղեկավարների, ավագանու անդաների և բնակիչների հետ:
Բազում համայնքում անցկացված խորհրդակցության ընթացքում բարձրացվեցին մի շարք խնդիրներ, որոնցից ամենառաջանայինը, թերևս, խմելու ջրի հարցն է: Այն, ըստ բնակիչների, խմելու համար ոչ պիտանի է և առողջական խնդիրներ է առաջացնում: Վերջիններս օգտվում են բնական աղբյուրների ջրից, որը ևս ապահով չէ: Մարզպետը վստահեցրեց, որ խնդիրը ներառված է պետական աջակցությամբ իրականացվող հրատապ ծրագրերի ցանկում և առաջիկայում լուծում կստանա: Խոսվեց նաև դպրոցի խնդիրներից: Դասերը կազմակերպվում են երկհերթ գրաֆիկով, քանի որ երեխաների թվի համեմատությամբ մասնաշենքը փոքր է: Դպրոցի երկրորդ մասնաշենքի, ինչպես նաև մարզադահլիճի կառուցման անհրաժեշտություն կա:
Դարպաս համայնքում նույն ձևաչափով հանդիպմանը մարզի ղեկավարին ներկայացվեցին մի շարք խնդիրներ՝ սելավատարի բացակայության, ճանապարհների բարեկարգման, գյուղ տանող ճանապարհներից մեկի վրա գտնվող կամրջի վերանորոգման, մյուս ճանապարհի վրա հաճախ տեղի ունեցող քարաթափումների հետ կապված և այլն: Մոտ մեկ կիլոմետր հատվածում համայնքը սեփական միջոցներով սելավատար է կառուցել, բայց առավել ծախսատար ծրագրեր դժվարանում է իրականացնել: Նշված ճանապարհները Վանաձորի վարչական տարածքում են, ուստի մարզպետն առաջարկեց Վանաձորի քաղաքապետարանի հետ համատեղ գործել խնդրին լուծում տալու համար: Այցելություն կատարվեց տեղի համայնքային կենտրոն, որտեղ, բացի գյուղապետարանից, տեղակայված են նաև բուժկետն ու մանկապարտեզը: Բարձրացվեց մանկապարտեզի համար խաղահրապարակի կառուցման անհրաժեշտությունը: Հ. Մարգարյանն առաջարկեց վերջինիս վերաբերյալ ծրագիր ներկայացնել՝ հնարավորութան դեպքում այն պոտենցյալ ներդրողներին առաջարկելու համար:
Գուգարք համայնքում՝ որպես առաջնային խնդիր ներկայացվեց գյուղտեխնիկայի բացակայությունը. 300 հա վարելահողերը, առանց ժամանակակից գյուղտեխնիկայի առկայության, դժվար է լինում մշակել և բերքը հավաքել: Գիշերային լուսավորության խնդրին ևս անդրադարձ կատարվեց: Ծնողների մտահոգություններից էր նախակրթարանի տնակային կարգավիճակը, որը հատկապես ձմռան ամիսներին կանգնում է ջեռուցման լրջագույն խնդրի և դրանից բխող հետևանքների առջև: Նշվեց, որ վթարային են գյուղի բնակելի շենքերը. այստեղ գոնե առաջնային է տանիքների նորոգումը: Համայնքն իր սուղ միջոցներով պարտավորվել է տանիքիների մասնակի նորոգումներ իրականացնել: Հ. Մարգարյանն ասաց, որ համայնքներում առկա խնդիրները փորձում են լուծել հրատապ ծրագրերի միջոցով: Նա նաև առաջարկեց ակտիվորեն ներգրավվել պետական աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մշակման գործընթացում, համագործակցել միջազգային կառույցների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:31:56