Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հնարավորություններն առկա են, սպասում ենք գործնական առաջարկների

16.08.2018

Լոռու մարզպետի տեղակալներ Սերգեյ Սարուխանյանը և Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեցին ճանաչողական այցով մարզ ժամանած Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնակատար, դեսպանի տեղակալ, առաջին քարտուղար Յան Պլեշինգերին, առևտրի և տնտեսական բաժնի աշխատակից Դավիթ Դիլանյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթական ծրագրերի ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Հյուրերին իր և մարզպետ Հրանտ Մարգարյանի անունից ողջունեց Սերգեյ Սարուխանյանը: Նա նշեց, որ մարզպետարանը պատրաստ է ակտիվ համագործակցության բոլոր ոլորտներում:
Հյուրերին հետաքրքրում էին մարզի հնարավորությունները և զարգացման հեռանկարները:
Ա. Ղուկասյանն, անդրադառնալով մարզի ներդրումային հնարավորություններին, վստահեցրեց, որ դաշտը լիուլի ազատ է, գրավչությունները՝ բազմազան:
Նշվեց, որ մարզը բարեհաջող աշխարհագրական դիրքում է գտնվում, բնակլիմայական պայմանները բարենպաստ են, մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, առողջարանային վայր է, արդյունաբերության՝ այդ թվում՝ թեթև, վերամշակող, էներգետիկ, սննդի և այլն, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության զարգացման լուրջ նախադրյալներ ևս կան:
-Հնարավորություններն առկա են, սպասում ենք գործնական առաջարկների,- նշեցին փոխմարզպետները:
Պատրաստի ներդրումային ծրագրերի առկայության վերաբերյալ հարցին ի պատասխան Ս. Սարուխանյանը և Ա. Ղուկասյանը վստահեցրեցին, որ որոշ ներդրումային ծրագրեր արդեն իսկ առկա են:
-Մեկ ամիս անց մեր սեղանին կլինեն բավականին մեծ թվով ներդրումային ծրագրերի փաթեթներ ամբողջ մարզի կտրվածքով,-ասաց Ա. Ղուկասյանը:
Հյուրերին հետաքրքրում էր նաև համատեղ ծրագրերի իրականացումը կրթության և մշակույթի ոլորտներում: Փոխդեսպանը նշեց, որ մշակութային ծրագրերի իրականացման նպատակով արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել Վանաձորի քաղաքապետարանի հետ, վերջինիս նաև առաջարկվել է Չեխիայի որևէ քաղաքի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման հեռանկարը: Ս. Սարուխանյանն առաջարկեց այդ պայմանավորվածությունները դիտարկել ամբողջ մարզի կտրվածքով: Ինչ վերաբերում է կրթական ծրագրերին, ապա, ըստ փոխմարզպետի, մարզն այս առումով առաջարկելու լուրջ ռեսուրսներ ունի՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների առումով:
Հանդիպման ավարտին Յան Պլեշինգերը նշեց, որ բավականին տպավորված է թե՛ մարզից և թե՛ հանդիպումից: Նա վստահեցրեց, որ գործնական առաջարկությունները չեն ուշանա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42