Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարթագյուղ համայնքը կապահովվի ոռոգման համակարգով
16.08.2018
Մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզի Հարթագյուղ համայնքը ոռոգման համակարգով ապահովելու հարցը քննարկելու նպատակով հրավիրել էր խնդրով հետաքրրքված շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին:
Ինչպես ներկայացվեց, նախնական հաշվարկներով գյուղը ոռոգման փակ համակարգով ապահովելու համար անհրաժեշտ է շուրջ 32 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրից օգտվելու դեպքում ֆինանսավորումը պետք է լինի 60/40 սկզբունքով, համամասնաբար պետբյուջեի ու համայնքային բյուջեի ներդրմամբ:
Համայնքային ներդրման համար անհրաժեշտ գումարի գերակշիռ մասը՝ շուրջ 8 մլն-ը ներդնելու պատրաստակամություն հայտնեցին Հարթագյուղում ներկայում գյուղատնտեսական ծրագիր իրականացնող «Աստղիկ» հիմնադրամի ներկայացուցիչները՝ հոլանդացի բարերարների աջակցությամբ:
Այս դեպքում համայնքային բյուջեից կպահանջվի ընդամենը 5 մլն դրամ:
Սա համայնքի համար կարող է լինել մեծ աջակցություն և դառնալ լավ նախադեպ նաև մյուս համայնքների համար:
Մասնագետներն անմիջապես կստանձնեն ծրագրի կազմման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, որպեսզի ոռոգման հաջորդ սեզոնին գյուղն ապահովված լինի ոռոգման նոր, փակ համակարգով, ինչը թույլ կտա ջրի խնայողություն անել ու կորուստները հասցնել նվազագույնի: