Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Որոշ հարցեր կարգավորվեցին հենց տեղում. Մարզպետն աշխատանքային այց կատարեց Քարինջ Վահագնի և Եղեգնուտ համայնքներ

16.08.2018

Օգոստոսի 15-ին մարզպետ Հրանտ Մարգարյանը փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանի և մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Քարինջ, Վահագնի և Եղեգնուտ համայնքներ: Քարինջ համայնքում մարզպետը ներկա գտնվեց եկեղեցական արարողության: Ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, վերաօծվեց Քարինջ համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցին (1848թ.) և մատուցվեց Սուրբ Պատարագ:
Եկեղեցու վերակառուցման աշխատանքներն իրականացվել են Մերուժան, Վարուժան, Արծրուն և Վալտեր Մաղաքյան եղբայրների բարերարությամբ:

Այնուհետև մարզպետը եղավ Վահագնի համայնքում: Նա նախևառաջ այցելեց համայնքի Անտոն Քոչինյանի անվան դպրոց, ծանոթացավ պայմաններին, ապա հանդիպեց համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների, բնակչության հետ: Վերջիններս Հ. Մարգարյանին ներկայացրին համայնքում առկա խնդիրները՝ հողատարածքների սեփականաշնորհման, ինչպես նաև խմելու ջրագծի վթարված լինելու հետ կապված: Մարզպետը նշեց, որ վերջինիս վերաբերյալ արդեն տեղյակ է, ավելին՝ հարցի կարգավորման տարբերակներն առավոտյան քննարկել է «Վեոլա ջուր» ընկերության ղեկավարության հետ. խոստացել են կարգավորել խնդիրը: Մարզի ղեկավարը հետաքրքրվեց նաև եկամուտների հավաքագրման ցուցանիշերով. հավաքագրվել է ամսվա պլանային ցուցանիշի ընդամենը 36 տոկոսը, ինչը, ըստ Հ. Մարգարյանի, պարզապես անընդունելի արդյունք է: Մարզպետը հորդորեց իրավիճակը կարգավորել կարճ ժամկետներում՝ նշելով, որ ծրագրեր կիրականացվեն միայն այն համայնքներում, որտեղ հարկային պարտավորությունները պատշաճ են կատարվում:

Աշխատանքային այցի վերջին կանգառը Եղեգնուտ համայնքում էր: Այս գյուղը ևս հոգսաշատ է: Համայնքային բյուջեն փոքր է, և առկա միջոցներով հնարավոր չի լինում ծրագրեր իրականացնել: Գյուղը չունի գիշերային լուսավորություն, գազաֆիկացված է ընդամենը 2 թաղամաս, խոտհարքերը չեն բավականացնում, հետևաբար վտանգված է անասնապահությունը: Բարձրացվեց նաև միջհամայնքային տրանսպորտի բացակայության հարցը: Հրանտ Մարգարյանը մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնին հանձնարարեց 5 օրվա ընթացքում վերագործարկել Դեբեդ-Եղեգնուտ երթուղին:

Չնայած հոգսերին՝ համայնքում դրական տրամադրություններ ևս կան. ծրագրեր են իրականացվում նաև պետական միջոցներով և միջազգային կառույցների աջակցությամբ: Պետբյուջեի ֆինանսավորմամբ կառուցվում է համայնքային կենտրոնի շենքը(համայքնի ներդրումը 15 տոկոս է կազմում), «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ֆինանսավորմամբ էլ վերանորոգվել է գյուղի դպրոցի սանհանգույցը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27