Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բերքահավաքի արդյունքները հիմնականում գոհացնում են. փոխմարզպետ Ա. Խաչատրյանը եղավ Սպիտակի տարածաշրջանի համայնքներում
15.08.2018
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղ, Լուսաղբյուր, Ծաղկաբեր և Գոգարան համայնքներում՝ բերքահավաքի ընթացքին, վերջինիս հետ կապված խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ «ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքային հաստիքային անասնաբույժի միջոցով» պահանջի կատարման ընթացքը քննարկելու նպատակով:
Հարթագյուղում խնդիրները շատ էին: Բնակիչները նշեցին, որոռոգման համակարգի բացակայության հետևանքով մշակվող հողատարածքները քիչ են: Դրան էլ գումարվում է տեխնիկայի բացակայությունը, ինչի պատճառով հացահատիկի բերքահավաքը և խոտհունձը շատ վատ է կատարվում, ուստի համայնքի առաջնային խնդիրներից մեկը գյուղտեխնիկայի ձեռքբերումն է: Փոխմարզպետն առաջարկեց խնդրին լուծում տալ պետական աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի միջոցով: Հարցը դնել հանրային քննարկման, այնուհետև ծրագիր կազմել և ներկայացնել ավագանու հաստատմանը: Ինչ վերաբերում է անասնաբույժի հաստիքի նախատեսմանը, ապա համայքնի ղեկավարը խոստացավ առաջիկայում խնդրին վերջնական լուծում տալ:
Լուսաղբյուր համայնքում այսօրինակ խնդիրները քիչ թե շատ կարգավորված են. տեխնիկան վարձակալում են հարևան համայնքներից: Բերքահավաքի արդյունքներից այստեղ դժգոհ չեն: Անասնաբույժի խնդիրը ևս կարգավորել են: Նրանց ևս առաջարկվեց ակտիվորեն մասնակցել սուբվենցիոն ծրագրերին:
Հաջորդ կանգառը Ծաղկաբերում էր: Այստեղ տարին բերքառատ է եղել: Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ առավելագույնը 5 օրից բերքահավաքը կավարտեն: Ծաղկաբերում գարու բերքատվությունը 1հա-ից 2,5 ց, իսկ ցորենինը՝ 3.5-4 ց է կազմում: Իսկ անասնաբույժի հաստիքի նախատեսման հետ կապված հարցին ի պատասխան համայքնի ղեկավարը վստահեցրեց, որ խնդիրը կարգավորված է:
Փոխմարզպետը եղավ գյուղի համայնքային կենտրոնում, որտեղ տեղակայված են համայնքապետարանը, փոստը, գրադարանը և մանկապարտեզը, իսկ բակում բարերարների աջակցությամբ խաղահրապարակ է կառուցվել:
Աշխատանքային օրվա ավարտին Ա. Խաչատրյանն այցելեց Գոգարան համայնք: Նա եղավ հուլիսին զոհված զինծառայող Ժորիկ Պետրոսյանի ընտանիքում: Զորակցություն հայտնելով ընտանիքին՝ փոխմարզպետը նաև մարզպետարանի աշխատակազմի կողմից դրամական աջակցություն հանձնեց: