Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Մարզերը և մշակույթի ապակենտրոնացումը մեր կարևոր շեշտադրումներից են». աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ մշակույթի նախարարը
12.08.2018
Օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը փոխնախարար Վահե Բուդումյանի ուղեկցությամբ: Նա մարզպետի տեղակալներ Սերգեյ Սարուխանյանի, Արամ Խաչատրյանի և Անդրեյ Ղուկասյանի, մարզպետարանի պաշտոնյաների, մարզի մտավորականների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի դահլիճում:
Մարզի ղեկավարի և ներկաների անունից նախարարին ողջունեց փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը՝ վստահություն հայտնելով, որ քննարկումը կառուցողական բնույթ կկրի:
Նախարարն իր հերթին, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և հանդիպման կայացման համար, համառոտ ներկայացրեց մշակույթի նախարարության ծրագրային առաջնահերթությունները՝ մասնավորապես նշելով, որ ԿԳ նախարարության հետ համատեղ առաջիկայում մի քանի ծրագրեր կմեկնարկեն:
Մշակութային գործիչները նաև նախարարին առկա խնդիրները ներկայացնելու և առաջարկություններով հանդես գալու հնարավորություն ունեցան: Մասնավորապես՝ «Լոռու մարզ» և «Երկունք» թերթերի խմբագիր Մանվել Միկոյանը ընդգծեց մարզային մամուլին տրվող աջակցության տրամադրման կարգի պարզեցման անհրաժեշտությունը, ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ սահմանված կարգը կարևոր է մամուլի կողմից առաջարկվող նյութին և դրա արդյունավետությանը ծանոթ լինելու համար: Այն հարցին, թե 2019թ.-ին ժամանակակից հայ գրականության հրատարակման համար ֆինանսավորում կլինի՞, Լ. Մակունցը պատասխանեց, որ փոփոխություններ նախատեսվում են, որոնք հաստատ չեն հիասթափեցնի ո՛չ գրողներին և ո՛չ էլ՝ ընթերցողներին:
Դրամատուրգ, մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանի անունից նախարարին շնորհակալություն հայտնեց «Թատերական Լոռի» փառատոնին աջակցելու համար և հրավիրեց ներկա գտնվել: Անդրադառնալով խնդիրներին՝ նա կարևորեց ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի վերանայման անհարժեշտությունը, նաև խնդրելով՝ պետպատվերով բեմադրվող դրամատուրգների շարքում նախապատվությունը տալ ժամանակակից դրամատուրգներին՝ շեշտադրելով ազգային դրամատուրիգիան: Լ. Մակունցը դիտարկմանը պատասխանելով՝ նշեց, որ խնդրին քաջատեղյակ են. օրենսդրական փոփոխությունները քննարկման փուլում են, իսկ վերջին հարցի ուղղությամբ արդեն տեսանելի քայլեր են կատարվում:
Այսուհանդերձ նախարարը նշեց, որ կողմ է մշակույթի ապակենտրոնացմանը.
-Մարզերը և մշակույթի ապակենտրոնացումը մեր կարևոր շեշտադրումներից են,-ասաց նա՝ նաև հայտնելով, որ բյուջեի ճիշտ կառավարման արդյունքում հնարավոր է եղել տնտեսումներ կատարել, որոնք ուղղվելու են բացառապես մարզային թատրոններին: Այս առումով նա նաև Վանաձորի մայր թատրոնին առաջարկություն է ներկայացնելու բեմադրությունների ծրագիր տրամադրել, որը կքննարկվի և հավանության դեպքում՝ կֆինանսավորվի:
Բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը կարևորեց թարգմանական գրականության խրախուսումը ոչ միայն հայերենից՝ այլ լեզուներ, այլև հակառակը: Նա առաջարկեց ուշադրության կենտրոնում պահել նաև մուլտֆիլմերի և ֆիլմերի թարգմանությունները՝ կարևորելով դրանց գերակշռումը հանրային հեռուստաալիքներով: Խնդրեց նաև կոչումների բաշխման ժամանակ ուշադիր լինել, որպեսզի դրանք դիլետանտներին բաժին չհասնեն:
Նախարարը վստահեցրեց, որ չափազանց խրախուսում են թարգմանական ոլորտը և շատ են կարևորում նաև այսկերպ մշակութային ժառանգության հանրահռչակումը: Վստահեցրեց, որ մյուս հարցերի հետ կապված ևս աշխատանքներ են տարվում:
Որպես խնդիր՝ ներկայացվեց մարզի մի քանի մշակութային օջախների՝ պատկանելությունը քաղաքապետարանին, ինչի արդյունքում նվիրյալ մշակութային գործիչները ստանում են նվազագույն աշխատավարձ, ծրագրեր են ներկայացնում ԿԳ և Մշակույթի նախարարություններին, սակայն ֆինանսավորվում համայնքային բյուջեից՝ հիմնականում բովանդակային առումով չկարողանալով իրագործել դրանք, հիմնանորոգման լուրջ խնդիրներ ունեն, որոնք ևս հնարավոր չէ լուծել քաղաքապետարանի միջոցներով և այլն: Ու սա այն դեպքում, երբ այլ մարզերի նմանատիպ մշակութային օջախները նախարարության ենթակայության են: Լ. Մակունցն խնդրեց առաջարկությունների փաթեթ կազմել և ներկայացնել իրեն՝ վստահեցնելով, որ հարցն անպայման կքննարկվի կառավարությունում:
Նշվեց նաև, որ կերպարվեստը, որպես արվեստի կարևոր բաղադրիչ, մշտապես դուրս է մնացել մշակույթի նախարարության ուշադրության ոլորտից: Նախարարը, համաձայնելով արտահայտված տեսակետին, ասաց, որ, երբ ծանոթացել է 2018թ. բյուջետային հատկացումներին, զարմանք է ապրել, որ կերպարվեստին գումար չի հատկացվում: Նա վստահեցրեց, որ 2019թ. բյուջեն կբաշխվի «խելամիտ»:
-Մի բանում կարող եք վստահ լինել. կա պատրաստակամություն, աշխատելու ցանկություն, աշխատում ենք օրվա ընթացքում 24 ժամ և էլի ժամանակը չի հերիքում: Ես վստահ եմ, որ խնդիրները գնալով ավելի քիչ են լինելու,-հանդիպումն ավարտելով՝ ասաց նախարարը:
Օգտվելով առիթից՝ ներկաները նախարարին հեղինակային գրքեր և կտավ նվիրեցին:
Այնուհետև այցելություն կատարվեց Լոռու մարզային գրադարան, ուր նախարարը ծանոթացավ տարվող աշխատանքներին, զրույց ունեցավ կոլեկտիվի հետ:
Աշխատանքային այցի հաջորդ կանգառը՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանն էր: Շրջայց կատարելուց հետո թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանը նախարարին ներայացրեց առկա խնդիրները:
Աշխատանքային այցի ավարտին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիպում անցկացվեց թատրոնի կոլեկտիվի հետ: Քննարկվեցին մի շարք խնդիրներ: Իսկ նախարարի առաջարկությունը՝ բեմադրությունների ծրագիր ներկայացնելու վերաբերյալ, ընդունվեց մեծ ոգևորությամբ: