Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն աշխատանքային այցով եղավ Օձուն, Լոռի Բերդ և Գյուլլագարակ խոշորացված համայնքներում
12.08.2018
Օգոստոսի 10-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանի և մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց և արտագնա խորհրդակցություններ անցկացրեց Օձուն, Լոռի Բերդ և Գյուլլագարակ խոշորացված համայնքներում, ուր ծանոթացավ նաև առկա խնդիրներին:
Առաջին կանգառը Օձուն համայնքում էր: Այստեղ մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարի, բնակավայրերի վարչական ղեկավարների և ակտիվ բնակչության հետ: Համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը նշեց, որ համայնքն ակտիվորեն մասնացկություն է ունենում սուբվենցիոն ծրագրերին: Տեխնիկայի ձեռքբերմանն ուղղված ծրագիրն արդեն հաստատվել է, դիմել են նաև գյուղում 620 քառ. մետր տարածքում ասֆալտապատում իրականացնելու ծրագրային հայտով: Պետական միջոցներով և մարզպետարանի պատվիրակությամբ(ծրագրի արժեքը՝ շուրջ 3,4 մլն դրամ) վերանորոգվում է նաև թիվ 2 դպրոցի մարզադահլիճի տանիքը, որը վերջերս տեղի ունեցած ուժեղ քամիների հետևանքով խարխլվել էր:
Համայնքում լուրջ խնդիր է ջրամատակարարումը: Ցանցը կառուցվել է խորհրդային տարիներին և այժմ արդեն շարքից դուրս է եկել:
Մարզի ղեկավարին ներայացվեց նաև Արևածագ բնակավայրի դպրոցում գործող նախակրթարանի տարածքի ընդլայնման անհրաժեշտությունը: Հ. Մարգարյանը խոստացավ դիտարկել դրա հնարավորությունը: Մարզպետը հետաքրքրվեց սեփական եկամուտների հավաքագրման տեմպերից: Նա պահանջեց ապահովել 100 տոկոս կատարողական և ևս մեկ անգամ շեշտեց, որ համաներում չի լինելու:
Այստեղ ևս անդրադարձ կատարվեց անասնաբուժի հաստիք ունենալու ՀՀ կառավարության պահանջին: Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ ելքեր են որոնում՝ խնդիրը օպտիմալ տարբերակով լուծելու համար:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) ֆինանսավորմամբ Օձունի համայնքապետարանում համայնքային սպասարկման գրասենյակ է կառուցվում: Այն թվով հինգերորդն է մարզում: Ծրագիրն ավարտական փուլում է, բացումը նախատեսվում է արդեն սեպտեմբերին:
Շարունակելով շրջայցը՝ Յաղդանի վարչական տարածքում մարզպետը ականատես եղավ կարտոֆիլի բերքահավաքին: Գյուղատնտեսները վստահեցրեցին, որ առատ բերք են ակնկալում: Առատ բերք են ստացել նաև ցորենի բերքահավաքից՝ 1 հա-ից՝ 5-6 տոննա:
Լոռի Բերդ համայնքում նույն ձևաչափով հանդիպմանը՝ մարզի ղեկավարին տեղեկացվեց, որ համայնքը նույնպես ակտիվորեն մասնակցում է սուբվենցիոն ծրագրերին: Կառավարության կողմից հավանության է արժանացել ներկայացված գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագիրը: Ակտիվորեն աշխատում են նաև այլ ծրագրերի ուղղությամբ: Համայնքի ղեկավարը բարձրացրեց նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի ճանապարհների բարեկարգման, հակակարկտային կայանների տեղադրման անհրաժեշտության հետ կապված և մի շարք այլ հարցեր:
Գյուլլագարակ համայնքում ևս խնդիրները շատ էին: Այստեղ բարձրացվեց խմելու ջրի ցանցի բացակայությունը: Համայնքն օգտվում է անկանոն ջրաղբյուրներից, ինչը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Բարձրացվեց նաև Վարդաբլուր համայնքի դպրոցի մարզադահլիճի վերանորգման խնդիրը: Հ. Մարգարյանը նշեց, որ այդ խնդիրները բոլորը գույքագրված են և միջոցների առկայության դեպքում լուծում կստանան՝ հորդորելով նաև այլ միջոցներ ներգրավելու ջանքեր գործադրել: