Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարտակերտցի երեխաները մարզից հեռանում են վառ տպավորություններով
08.08.2018
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լոռի-Մարտակերտ» համագործակցության 2018 թ. միջոցառումների ծրագրի շրջանակներում օգոստոսի 1-ին Մարտակերտի շրջանի մի խումբ դպրոցականներ ժամանեցին Լոռու մարզ: Նրանք Լոռու մարզպետարանի աջակցությամբ իրենց 7-օրյա հանգիստն անցկացրեցին «Գուգարք» ճամբարում: Երեխաների համար կազմակերպվեցին էքսկուրսիաներ դեպի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ, հուշարձաններ: Մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ երեխաներն այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Դեբեդի «ՍՄԱՐԹ կենտրոն», Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն՝ ծանոթանալով այստեղ իրականացվող ծրագրերին, այնուհետև օրվա ավարտին եղան Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում, որտեղ նրանց դիմավորեց մարզպետ Հրանտ Մարգարյանը: Մարզի ղեկավարը երեխաների հետ ջերմ, մտերմիկ զրույցի ընթացքում կարևորեց երկու մարզերի միջև բարեկամության շրջանակներում երեխաների փոխայցելությունները և հույս հայտնեց, որ դպրոցականները Լոռու մարզից կհեռանան վառ և անմոռանալի տպավորություններով: Երեխաները նաև շրջեցին տարածքում, գիտաշխատողները երեխաներին առավել հանգամանորեն ծանոթացրեցին Ստեփան Զորյանի կյանքին ու գործունեությանը: Ներկաները գրողի հյուընկալ հարկի տակ համտեսեցին նաև զորյանական խնձորի այգու պտուղները: Հանդիպման վերջում մարզպետը երեխաներին նվիրեց դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ, իսկ խմբի ղեկավարին՝ նաև գիրք: Հրաժեշտին երեխաները ցանկություն հայտնեցին հաջորդ տարի նույնպես այցելել գեղատեսիլ Լոռի:



