Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիմնանորոգման խնդիրներից մինչև կրթական ծրագրերի, չափորոշիչների, դասագրքերի վերանայման անհրաժեշտություն. մարզպետը հանդիպեց Վանաձորի դպրոցների տնօրենների հետ

08.08.2018

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը խորհրդակցություն անցկացրեց Վանաձորի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը և կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը:

Անցնելով քննարկման թեմաներին՝ մարզպետ Հ. Մարգարյանը խստորեն հանձնարարեց զերծ մնալ ցանկացած քաղաքական գործընթացներից և բացառապես զբաղվել բուն գործառույթներով.

-Ձեր աշխատանքն ինքնին արդեն իսկ մեծ պատասխանատվություն է ենթադրում, ուստի կարևոր է, որ ձեր ողջ ներուժն օգտագործեք բացառապես կրթության ոլորտի առջև ծառացած խնդիրները, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հարցերը լուծելու համար: Մեր նպատակն է Լոռին դարձնել հանրապետության այցեքարտը բոլոր առումներով, ուստի կարևոր է հանուն մեկ նպատակի համախմբումը: Անհնարին ոչինչ չկա, եթե միասնական կամք ու նպատակին հասնելու հաստատակամություն կա,-ասաց Հ. Մարգարյանը:

Նա իր խոսքում կարևորեց նաև դպրոցական խորհուրդների անկախ գործունեությունը: Մարզպետը հորդորեց նաև զերծ մնալ դպրոցները հարազատ-բարեկամներով համալրելու գործընթացից:

Ն. Սարգսյանն, իր հերթին անդրադառնալով տարածաշրջանում ներառական կրթության կազմակերպմանը, նշեց, որ Վանաձորում համակարգը ներդրվել է դեռևս 2009թ., իսկ նախորդ տարվանից ներառական կրթություն իրականացվում է բոլոր դպրոցներում: Նա ասաց, որ Վանաձորում գործում է հոգեբանամանկավարժական կենտրոն, որը համագործակցում է բոլոր դպրոցների հետ՝ աջակցելով ներառական կրթության իրականացմանը:

-Տեղյակ ենք, որ հատուկ մանկավարժների կարիք կա դպրոցներում, այդ իսկ պատճառով Վանաձորի պետական համալսարանի հետ քննարկում ենք առայժմ մագիստրոսական կրթական ծրագրերում ներառելու հատուկ մանկավարժի մասնագիտությունը, իսկ հետագայում նաև՝ բակալավրիատում: Մեզ այս հարցում աջակցում են նաև միջազգային կառույցները՝ վերապատրաստելով մանկավարժներին,- ասաց Ն. Սարգսյանը: Վերջինս խոսեց նաև տնային ուսուցման պատշաճ կազմակերպման, պարտուսից դուրս մնացած երեխաների խնդիրների մասին՝ այդ առումով կարևորելով դպրոցների սերտ համագործակցությունը համապատասխան կառույցների հետ: Ն. Սարգսյանն ընդգծեց դպրոցներում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մասին մարզպետարանին պատշաճ իրազեկելու անհրաժեշտությունը, որպեսզի հարկ եղած դեպքում հնարավոր լինի աջակցել:

Այնուհետև տնօրեններն անդրադարձան դպրոցներում առկա խնդիրներին, որոնք հիմնականում ընդհանրական էին՝ սահմանային տեղերի, դպրոցներ տանող ճանապարհների անվտանգության և նորոգումների, սպորտդահլիճների բացակայության, ջեռուցման կազմակերպման, ֆինանսական միջոցների սղության, որոշ դպրոցներում նաև՝ համակարգիչների սակավության հետ կապված և այլնի հետ: Վերջիններիս առնչությամբ նշվեց, որ դրանց մեծ մասն ընդգրկված են կամ միջնաժամկետ կամ հրատապ ծրագրերում և մոտ ապագայում լուծում կստանան: Ինչ վերաբերում է համակարգիչների խնդրին, ապա ինչպես հայտնի է, Հնդկաստանի կառավարության և Հայաստանի համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ առաջիկայում մարզի բոլոր դպրոցները կհամալրվեն համակարգիչներով:

 Բացի այդ բարձրացվեցին առավել ընդգրկուն խնդիրներ, որոնք վերաբերում էին կրթական ծրագրերի, չափոշիչների, դասագրքերի փոփոխությունների հետ կապված հրատապ խնդիրներին: Վերջիններիս վերաբերյալ մարզպետն առաջարկեց գրավոր առաջարկություններ ներկայացնել՝ վստահեցնելով, որ այն դրանք  ամփոփ տեղեկանքով կներկայացվեն ԿԳ նախարարության քննարկմանը: 

Հանդիպման ավարտին մարզպետը եղավ Վանաձորի թիվ 12, իսկ մարզպետարանի կրթության պատասխանատուները՝ թիվ 30 հիմնական դպրոցներում՝ տնօրենների կողմից բարձրացված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Թիվ 12 հիմնական դպրոցը, հիմնանորոգման կարիք ունի և ինչպես ականատես եղավ նաև մարզի ղեկավարը, հրատապ պետք է փոխվեն հատկապես պատուհանները, որոնք հնության պատճառով կարող են փշրվել և թափվել, ինչպես նաև տանիքը: Հ. Մարգարյանը խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում լուծում տալ այս խնդրին: Իսկ թիվ 30 դպրոցում դպրոցի տնօրենը մարզպետարանի պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեց այն խնդրին, որ դպրոցի երկու մասնաշենքերը կապող բաց տարածքը անձևների և ձնհալի հետևանքով ջրով է լցվում, ու այնուհետև ջրերը ներթափանցում են դպրոց: Նա խնդրեց հնարավորթյան դեպքում ծածկ կառուցել:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06