Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

06.08.2018

Օգոստոսի 6-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Մարզպետ Հ. Մարգարյանը ներկայացրեց նախորդ շաբաթ Թումանյանի տարածաշրջան կատարած այցի մանրամասները՝ նշելով, որ հընթացս հանդես է եկել մի շարք հանձնարարականներով, որոնց մի մասը լուծում են ստացել հենց տեղում:

 Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին  տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը: Նա նշեց, որ բոլոր հանձնարարականները ժամկետների մեջ են, և դրանց կատարման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում: Ն. Սարգսյանը նաև անդրադարձավ ՏԿԶ նախարարի մոտ մարզպետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին, ինչպես նաև միջազգային կառույցների հետ հնադիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Ըստ համակարգման ոլորտների՝ պետական գերատեսչությունների, ինչպես նաև մարզպետի կողմից տրված հանձնարարականների, նախորդ շաբաթվա ընթացքում անցկացված քննարկումների, հանդիպումների մասին  զեկուցեցին մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Անդրեյ Ղուկասյանը և Սերգեյ Սարուխանյանը:

Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը: Նա նշեց, որ յոթ ամսվա կտրվածքով  համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց ընդամենը 92,7 տոկոս է, պակաս է հավաքագրվել 93 մլն դրամ: Հ. Մարգարյանը նշեց, որ արտագնա խորհրդակցությունների ժամանակ բացատրական աշխատանքներ են իրականացվում համայնքների ղեկավարների և հանրության շրջանում՝ հույս հայտնելով, որ առաջիկա ամիսների ընթացքում իրավիճակը հնարավոր կլինի շտկել: Նա փոխմարզպետներին հանձնարարեց հետևողականորեն զբաղվել այդ, ինչպես նաև 500 հազար դրամ և ավելի պարտք ունեցող քաղաքացիներից և իրավաբանական անձանցից պարտքերի գանձման հարցով:

Խորհրդակցության ավարտին մարզպետը նշեց, որ առավոտյան տեղեկատվություն է ստացել, որ Արջուտի բնակիչները փակել են դեպի համայնք տանող ճանապարհը և անմիջապես դեպքի վայր է ուղղորդել մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանին: Վերջինս զեկուցեց, որ համայնքի բնակիչները դժգոհություններ են հայտնել առ այն, որ դեպի աղբավայր ուղևորվող աղբատարները խարխլում են ճանապարհը, այրվող աղբի ծուխը տարածվում է համայնքում,  որ տվյալ աղբավայրը վաղուց արդեն շահագործման համար պիտանի չէ և աղբն արդեն թափվում բնակավայրին մոտիկ:

Դ. Մանուչարյանը տեղեկացրեց, որ ճանապարհն արդեն բացվել է՝ փոխարենը  բնակիչներին առաջարկվել է քննարկում կազմակերպել  նրանց, մարզկենտրոնի աղբահանությունն իրականացնող 4 օպերատորների ու այլ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ՝ գոնե հարցին ժամանակավոր լուծում տալու համար, քանի որ նշյալ աղբանոցը պիտանի չէ շահագործման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18