Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտագնա խորհրդակցություններ Թումանյանի տարածաշրջանում

06.08.2018

Մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Թումանյանի տարածաշրջան՝ լինելով Ախթալա, Շնող, Ալավերդի միավորված համայնքներում:
Ախթալայում մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և ակտիվ բնակչության հետ: Ա. Թամազյանը նշեց, որ Ախթալան մարզի այն եզակի համայնքներից է, որտեղ ավագանու ինստիտուտը լիարժեք կայացած է, և ցանկացած հարց լուծում է ստանում համագործակցված աշխատանքի շնորհիվ միայն: Նա մարզի ղեկավարին ներկայացրեց վերջին շրջանում իրականացված ծրագրերը՝ նշելով, որ միավորված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում փողոցային լուսավորություն է անցկացվել, ճանապարհների մասնակի նորոգումներ են կատարվել: Օգոստոսի 17-ին նշվելիք Խորովածի փառատոնին ընդառաջ՝ նախապատրաստական աշխատանքներ ևս տարվում են՝ ճանապարհային զուգարաններ են կառուցվել, ճանապարհն է բարեկարգվել: Օգոստոսի 8-ին առաջին անգամ հանդիսավորությամբ կնշվի Շամլուղի օրը:
Համայնքի ղեկավարը մարզպետին տեղեկացրեց, որ համայնքում կահավորված հրշեջ կայան ունեն, որն անգործության է մատնված, իսկ մեքենա լինելու պարագայում, տարածքի բնակավայրերում հրդեհ առաջանալու դեպքում համայնքն անձամբ կարող է կազմակերպել հրդեհաշիջումը, քանի որ ահազանգերի դեպքում հրշեջները բավականին ուշ են ժամանում: Մարզպետ Հ. Մարգարյանը հենց տեղում, զրուցելով Լոռու մարզային փրկարարական վարչության պետի հետ, բանավոր պայմանավորվածությամբ կարգավորեց խնդիրը: Կտրմադրվի 1 հրշեջ մեքենա, համազգեստ աշխատակիցների համար և մասնագիտական պատրաստվածությանն ուղղված դասընթացներ: Միավորված համայնքի բնակավայրերի բնակիչներն իրենց դժգոհությունն արտահայտեցին անկանոն ջրամատակարարումից՝ նշելով, որ օրեր շարունակ ջուր չեն ստանում: Մարզպետը խոստացավ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրինության հետ քննարկել հարցի կարգավորման տարբերակներ:
Հաջորդ կանգառը Շնողում էր: Այստեղ նույն ձևաչափով հանդիպմանը բարձրացվեց Շնողի, Թեղուտ և Քարկոփ բնակավայրերի գազաֆիկացման հարցը: Եթե Շնողում գազաֆիկացված չէ ընդամենը երկու թաղամաս, ապա Թեղուտը և Քարկոփը երբեք գազաֆիկացված չեն եղել: Հրանտ Մարգարյանը նշեց, որ նշված աշխատանքներն արդարացված կլինեն անհրաժեշտ քանակությամբ բաժանորդների առկայության դեպքում միայն և հանձնարարեց այդ նպատակով համապատասխան ուսումնասիրություն կատարել:
Միավորված համայնքի հուլիս ամսվա սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է ընդամենը 48,5 տոկոս, ինչը, ըստ մարզպետի, անթույլատրելի ցուցանիշ է: Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը նման արդյունքը բացատրեց «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանքների դադարեցմամբ, հետևաբար բնակչության գործազրկությամբ և բնապահպանական վճարների կրճատմամբ: Մարզի ղեկավարի դիտարմանն ի պատասխան, թե որևէ համայնքում արտոնյալներ չեն լինելու, Դ. Ղումաշյանը վստահեցրեց, որ պետական հիմնարկներում աշխատողները որևէ հարկատեսակի գծով պարտքեր չունեն: Նա համոզմունք հայտնեց, որ մինչև տարեվերջ իրավիճակը կկարգավորվի:
Կատարված աշխատանքներին անդրադառնալով՝ Հ. Մարգարյանին տեղեկացրեցին, որ համայնքային բյուջեից 27 մլն դրամ ներդրմամբ Շնողում խմելու ջրագիծ և կոյուղագիծ է անցկացվում, ինչը համայնքի համար լուրջ ձեռքբերում կլինի:
Ալավերդի միավորված համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների և ավագանու անդամների մասնակցությամբ մարզպետը խորհրդակցություն անցկացրեց Ալավերդու քաղաքապետարանում:
Որպես համայնքային խնդիրներ առանձնացվեցին՝ պղնձաձուլական գործարանի՝ նորմայից ավելի արտանետումները, ինչը վատ է անդրադառնում բնակչության առողջության վրա, քաղաքով անցնող միջպետական ճանապարհի վրա կառուցված հենապատը բարձրացնելու անհրաժեշտությունը, քանի որ ճանապարհով պարբերաբար ընթացող բեռնատար ավտոմեքենաների պատճառով հարևան բազմաբնակարան շենքերը, որոնք կառուցվել են դեռևս 1880-90-ականներին, կարող են փլուզվել, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, աղբահանության պատշաճ կազմակերպման համար նոր տեխնիկայի ձեռքբերման և մի շարք այլ խնդիրներ: Մարզպետը խոստացավ գործարանի տնօրինության հետ առաջիկայում հանդիպել արտանետումների նվազեցման հարցը քննարկելու նպատակով: Մյուս հարցերի հետ կապված մարզպետն առաջարկեց փուլ առ փուլ դրանց լուծում տալ պետական աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, համայնքային բյուջեի միջոցներով, որոշ խնդիրներ, իհարկե կընդգրկվեն նաև հրատապ ծրագրերում: Իսկ հենապատի հետ կապված խնդրին մարզի ղեկավարը տեղում ծանոթացավ: Նա հանդիպեց նաև «Վեոլիա ջուր» ընկերության Ալավերդի տեղամասի պատասխանատուների հետ՝ բարձրաձայնելով Ախթալա միավորված համայնքի ջրամատակարարման խնդիրը: Մարզպետին պարզաբանվեց, որ նմանատիպ խնդիր, ոռոգման սեզոնի հետ կապված, առաջանում է միայն ամռան ամիսներին, մնացած ժամանակահատվածում ջրամատակարարումը նորմալ է ընթանում: Անկախ պատճառաբանություններից՝ Հ. Մարգարյանի պահանջին ընդառաջ` ընկերության պատասխանատուները խոստացան գրաֆիկ սահմանել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06