Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող հարցեր
02.08.2018
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ և մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսի 1-ին անցկացված խորհրդակցության նպատակը ոլորտին առնչվող մի շարք խնդիրների քննարկումն էր: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը մարզի ղեկավարն ասաց, որ պատրաստակամ է միահամուռ աշխատանքով ներկաների հետ միասին լուծում տալ ոլորտային խնդիրներին:
-Մեր նպատակն է Լոռու մարզը դարձնել Հայաստանի այցեքարտը՝ օրինակելի մարզ բոլոր առումներով և այդ հարցում ես ունեմ բոլորիդ աջակցության կարիքը,-ասաց Հ. Մարգարյանը:
Առողջապահական հիմնարկների ղեկավարները բարձրաձայնեցին գրեթե բոլոր բուժհիմնարկներին առնչվող համընդհանուր խնդիրները՝ կապված բուժաշխատողների սոցապահովագրության անհրաժեշտության, վճարովի ու անվճար ծառայությունների մասնաբաժինների, բնակչության տեղեկացվածության բարձրացման կարևորության, պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղորայքի տեսականու և քանակի, աշխատավարձերի ցածր լինելու և այլնի հետ:
Մարզի ղեկավարը և փոխմարզպետը մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տվեցին, իսկ այն խնդիրները, որոնք համակարգային լուծում են պահանջում, կքննարկվեն առողջապահության նախարարի հետ: Նրանք կաևորեցին ոլորտում ստվերային երևույթների իսպառ բացառումը, մարզի առողջապահության ոլորտի նկատմամբ հանրության վստահության բարձրացման, բարեկիրթ սպասարկման անհրաժեշտությունը:
Բուժհիմնարկների տնօրեններին տրվեցին հստակ հանձնարարականներ. ցանկացած հետազոտության դեպքում վճարումները պետք է կատարվեն միայն բուժհիմնարկների դրամարկղերում: