Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետը հորդորեց առկա միջոցները տնօրինել նպատակային և կատարել միմիայն համայնքի շահերից բխող գործողություններ
02.08.2018
Օգոստոսի 1-ին մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ եղավ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր համայնքում:
Գյուղի բնակիչների և համայնքի ղեկավարի միջև արդեն տևական ժամանակ է՝ անհամաձայնություններ կան, ու ընդամենը օրեր առաջ նրանք մարզպետ Հրանտ Մարգարյանի մոտ էին իրենց խնդիրները ներկայացնելու նպատակով: Մարզի ղեկավարի առաջարկությամբ էլ փոխմարզպետն ուղևորվել էր համայնք՝ առկա անհամաձայնության պատճառները տեղում ուսումնասիրելու :
Կաթնաջուր համայնքում Ա. Ղուկասյանը զրուցեց թե՛ գյուղացիների և թե՛ համայնքի ղեկավարի հետ, քննարկելով դժգոհությունների պատճառները, շրջայց կատարեց համայնքում՝ ծանոթանալով վերջին շրջանում կատարված աշխատանքներին, արձանագրեց թերացումներն ու բացթողումները:
Բնակիչների դժգոհության պատճառներից մեկը 2015-2016թ.թ. գյուղում «ԱրարատՇին» ՍՊԸ-ի կողմից ջրագծերի անցկացման աշխատանքների անորակությունն է, ինչի պատճառով որոշ հատվածներում պարբերաբար ջրագծերի վթարներ են առաջանում: Գյուղի տարբեր հատվածներում կատարվեց նաև ջրագծերի ուսումնասիրություն և արձանագրվեց, որ որոշ հատվածներում ջրագծերն անց են կացվել՝ չպահպանելով անհրաժեշտ նորմերը:
Այցելություն կատարվեց նաև գյուղի դպրոց և նույնպես արձանագրվեց, որ այն հիմնանորոգման կարիք ունի:
Բնակիչներն իրենց բողոքներն արտահայտեցին համայնքի ղեկավարի մի շարք այլ գործողությունների վերաբերյալ ևս, որոնք, իրենց գնահատմամբ, համայնքի շահերից չի բխում: Փոխմարզպետը մի շարք հարցերի վերաբերյալ համայնքի ղեկավարին հստակ ցուցումներ տվեց՝ պահանջելով դրանք լուծել սեղմ ժամկետներում: Նա նաև նշեց, որ համայնքի ղեկավարի գործունեությունը և ավագանու որոշումներն անընդհատ իր ուշադրության ներքո են լինելու՝ հորդորելով առկա միջոցները տնօրինել նպատակային և կատարել միմիայն համայնքի շահերից բխող գործողություններ: