Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առայժմ հաստատվել է 15 ծրագիր
31.07.2018
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորվելու համար (ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարից) Լոռու մարզից դիմել ընդամենը 15 համայնք, ներկայացվել է 23 ծրագիր, որոնցից միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել և ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է առայժմ 15-ը: Ֆինանսավորումը սոցիալական բնույթի ծրագրերի դեպքում պահանջում է 60 տոկոս համայնքային և 40 տոկոս պետական բյուջեից ներդրում, իսկ տնտեսական բնույթի ծրագրերը՝ 40 տոկոս՝ համայնքային և 60 տոկոս ներդրում՝ պետական բյուջեից: Նշված 15 ծրագրի մասով պետական բյուջեից ներդրումը կկազմի 561 մլն 760 հազար դրամ, իսկ համայնքային ներդրումը՝ շուրջ 272 մլն դրամ: Օձուն, Շնող, Լոռի Բերդ համայնքներն, օրինակ, նախատեսել են ձեռք բերել մասնագիտացված տեխնիկա՝ այդ թվում՝ աղբահանության և գյուղատնտեսական նշանակության, Լոռի Բերդ միավորված համայնքն իր կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերում կիրականացնի նաև խաղահրապարակների կառուցում, Լեռնապատը, Լեռնավանը և Սպիտակը՝ փողոցների վերանորգման, ասֆալտապատման և լուսավորության համակարգերի արդիականացման և կառուցման աշխատանքներ, Սպիտակը նաև՝ գեղարվեստի և երաժշտական դպրոցների հիմնանորոգում, փողոցների արևային մոնոբյուեղային ֆոտովոլտային 45 կվտ և 50 կվտ հզորությամբ կայանների կառուցման ծրագիր, Տաշիրը՝ երեխաների զբաղվածության ապահովման ծրագիր, Կաթնաջուր համայնքում արևային էլեկտրակայաններով սնվող գիշերային լուսավորություն կանցկացվի: Ներկայացված ևս 6 ծրագիր հաստատման փուլում է, այն է՝ Ստեփանավանի քաղաքային զբոսայգու կառուցում, Վանաձորի այգիների և պուրակների վերակառուցում, բազմաֆունկցիոնալ տրակտորի ձեռքբերում և փողոցների կապիտալ նորոգում, Կաթնաջուր և Լեռնանցք համայնքներում արևային էներգիայով սնվող ոռոգման համակարգերի կառուցում, Գյուլլագարակում՝ գիշերային լուսավորության անցկացում:
Ներկայում Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի աջակցությամբ իրականացվում է Տաշիր, Փամբակ և Սարահարթ համայնքների ծրագրային հայտերի մշակման գործընթացը, որից հետո դրանք ևս կներկայացվեն Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը: Մարզպետարանի դերակատարությունը առաջադրված պահանջներին ծրագրերի համապատասխանության վերահսկողությունն է, մեթոդական աջակցության ցուցաբերումը ծրագրերի կազմման գործընթացում, իսկ հետագայում նաև՝ մշտադիտարկման իրականացումը: