Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին հետագա համագործակցությանն ուղղված ծրագրեր

26.07.2018

Հուլիսի 25-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հյուրընկալեց «Ցավեր առանց սահմանի» կազմակերպության ծրագրի համակարգող Անուշ Առնավուտյանին:  Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:

Շնորհակալություն հայտնելով հյուընկալության համար՝ Անուշ Առնավուտյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը Լոռու մարզում ակտիվ գործունեություն է ծավալել սկսած 2012թ.-ից, սակայն վերջին շրջանում ֆինանսական միջոցների սղության պատճառով փոքր-ինչ պասսիվություն է նկատվում: Նա ասաց, որ կազմակերպության հիմնական նպատակն է լինել տարբեր պետական և ոչ-պետական հաստատությունների հայ մասնագետների կողքին՝ նորամուծությունների մատուցմամբ, սեմինարների անցկացմամբ օգնել նրանց հաղթահարելու առօրյա աշխատանքի ընթացքում ունեցած դժվարութունները: 2009թ.-ին «Ցավեր առանց սահմանի» կազմակերպության հայ թիմը ստեղծել է «Նռենի» սոցիալ-հոգեբանական հասարակական կազմակերպությունը, որը որդեգրելով ֆրանսիական կառույցի առաքելությունն ու նպատակները, շարունակում է վերջինիս ծավալած գործունեությունը Հայաստանում:  Նախորդ տարիներին Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի և Բանյո քաղաքի համատեղ ֆինանսավորմամբ «Նռենի» ՀԿ-ի կողմից Վանաձորի թվով 4 համաբուժարաններում և Վանաձորի մանկատանը, երեխաների խնամքի կենտրոնում և մի շարք դպրոցներում, Ամրակից համայնքում  մայրերի ինքնաջակցման խմբեր են կազմակերպվել, հոգեբանաշարժողական և այլ տիպի աշխատանքներ իրականացվել, իսկ մինչև 4 տարեկան երեխաների հոգեբանական աջակցման «Փոքրիկ նապաստակ» կենտրոնը, թեև ոչ այնքան բարվոք պայմաններում,բայց  շարունակում է գործունեություն ծավալել Վանաձորում:

Ա. Առնավուտյանը մարզի ղեկավարին խնդրեց հնարավորության սահմաններում աջակցել կենտրոնի գործունեությունն առավել բարվոք պայմաններում իրականացնելու հարցում:

Մարզպետ Հ. Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով մարզում իրականացված և շարունակավող արդյունավետ ծրագրերի համար, նշեց, որ մարզպետարանը մեծ սիրով կշարունակի համագործակցել կառույցի հետ: Նա պատրաստակամություն հայտնեց  հնարավորության սահմաններում բավարարել կազմակերպության խնդրանքը: Քննարկվեցին հետագա համագործակցությանն ուղղված այլ ծրագրեր ևս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06