Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին հետագա համագործակցությանն ուղղված ծրագրեր
26.07.2018
Հուլիսի 25-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հյուրընկալեց «Ցավեր առանց սահմանի» կազմակերպության ծրագրի համակարգող Անուշ Առնավուտյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Շնորհակալություն հայտնելով հյուընկալության համար՝ Անուշ Առնավուտյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը Լոռու մարզում ակտիվ գործունեություն է ծավալել սկսած 2012թ.-ից, սակայն վերջին շրջանում ֆինանսական միջոցների սղության պատճառով փոքր-ինչ պասսիվություն է նկատվում: Նա ասաց, որ կազմակերպության հիմնական նպատակն է լինել տարբեր պետական և ոչ-պետական հաստատությունների հայ մասնագետների կողքին՝ նորամուծությունների մատուցմամբ, սեմինարների անցկացմամբ օգնել նրանց հաղթահարելու առօրյա աշխատանքի ընթացքում ունեցած դժվարութունները: 2009թ.-ին «Ցավեր առանց սահմանի» կազմակերպության հայ թիմը ստեղծել է «Նռենի» սոցիալ-հոգեբանական հասարակական կազմակերպությունը, որը որդեգրելով ֆրանսիական կառույցի առաքելությունն ու նպատակները, շարունակում է վերջինիս ծավալած գործունեությունը Հայաստանում: Նախորդ տարիներին Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի և Բանյո քաղաքի համատեղ ֆինանսավորմամբ «Նռենի» ՀԿ-ի կողմից Վանաձորի թվով 4 համաբուժարաններում և Վանաձորի մանկատանը, երեխաների խնամքի կենտրոնում և մի շարք դպրոցներում, Ամրակից համայնքում մայրերի ինքնաջակցման խմբեր են կազմակերպվել, հոգեբանաշարժողական և այլ տիպի աշխատանքներ իրականացվել, իսկ մինչև 4 տարեկան երեխաների հոգեբանական աջակցման «Փոքրիկ նապաստակ» կենտրոնը, թեև ոչ այնքան բարվոք պայմաններում,բայց շարունակում է գործունեություն ծավալել Վանաձորում:
Ա. Առնավուտյանը մարզի ղեկավարին խնդրեց հնարավորության սահմաններում աջակցել կենտրոնի գործունեությունն առավել բարվոք պայմաններում իրականացնելու հարցում:
Մարզպետ Հ. Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով մարզում իրականացված և շարունակավող արդյունավետ ծրագրերի համար, նշեց, որ մարզպետարանը մեծ սիրով կշարունակի համագործակցել կառույցի հետ: Նա պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում բավարարել կազմակերպության խնդրանքը: Քննարկվեցին հետագա համագործակցությանն ուղղված այլ ծրագրեր ևս: