Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հ. Մարգարյանը խստորեն հանձնարարեց զերծ մնալ ցանկացած քաղաքական գործընթացներից

26.07.2018

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը խորհրդակցություն անցկացրեց Ստեփանավանի տարածաշրջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը,  մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը և կրթական ծրագրերի համակարգող  Դավիթ Հակոբյանը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը Հ. Մարգարյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հուլիսի 24-ին ՀՀ  հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային մահացու վիրավորում ստացած Լոռու մարզի բնակիչ, ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Պետրոսյանի հիշատակը:

Անցնելով քննարկման թեմաներին՝ մարզպետ Հ. Մարգարյանը խստորեն հանձնարարեց զերծ մնալ ցանկացած քաղաքական գործընթացներից և բացառապես զբաղվել բուն գործառույթներով, այն է՝ կրթել և դաստիարակել մատաղ սերնդին, բարձրացնել կրթության որակը, մեծ շեշտադրում կատարել երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության վրա: Նա իր խոսքում կարևորեց նաև դպրոցական խորհուրդների անկախ գործունեությունը, որոնք ոչ թե պետք է տնօրենին սատարող, այլ՝ հակակշռող մարմին հանդիսանան: Մարզպետը հորդորեց նաև զերծ մնալ դպրոցները հարազատ-բարեկամներով համալրելու գործընթացից:

Ն. Սարգսյանն, իր հերթին անդրադառնալով տարածաշրջանում ներառական կրթության կազմակերպմանը, նշեց, որ Ստեփանավանի տարածաշրջանի դպրոցներն այդ առումով օրինակելի են ողջ մարզում: Նա խոսեց նաև տնային ուսուցման պատշաճ կազմակերպման, պարտուսից դուրս մնացած երեխաների խնդիրների մասին՝ այդ առումով կարևորելով դպրոցների սերտ համագործակցությունը համապատասխան կառույցների հետ:

Ն. Սարգսյանն ընդգծեց դպրոցներում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մասին մարզպետարանին պատշաճ իրազեկելու անհրաժեշտությունը, որպեսզի հարկ եղած դեպքում հնարավոր լինի աջակցել:

Այնուհետև տնօրեններն անդրադարձան դպրոցներում առկա խնդիրներին, որոնք հիմնականում ընդհանրական էին՝ կապված հիմնանորոգումների, սպորտդահլիճների բացակայության, ջեռուցման կազմակերպման, ֆինանսական միջոցների սղության և այլնի հետ: Վերջիններիս վերաբերյալ մարզպետն առաջարկեց գրավոր դիմումներ ներկայացնել՝ վստահեցնելով, որ այն խնդիրները, որոնք մարզպետարանի կարողությունների շրջանակներում են, լուծում կստանան, իսկ առավել ընդգրկուն հարցերն ամփոփ տեղեկանքով կներկայացվեն կառավարությանը: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49