Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարկային պարտավորությունների որևէ զիջում չի լինելու. մարզպետը խորհրդակցություն անցկացրեց Ստեփանավանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ
24.07.2018
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Ստեփանավանի տարածաշրջանի խոշորացված համայնքների և վարչական ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզի ղեկավարը, ողջունելով ներկաներին, նշեց, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխության իրողությամբ պայմանավորված՝ մարզում տիրելու է հանդուրժողականության և սիրո մթնոլորտ: Փոխվելու են նաև պահանջները համայնքների ղեկավարներից:
-Փոփոխությունները պետք է սկսենք յուրաքանչյուրս մեզնից և այդկերպ օրինակ ծառայենք հանրության համար: Բոլորս մեր գործողությունները պետք է իրականացնենք բացառապես օրենքի շրջանակներում: Մեր մարզում արտոնյալներ չեն լինելու,-ասաց Հ. Մարգարյանը:
Սեփական եկամուտների հավաքագրման պատկերը տարածաշրջանում ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը: Նա տեղեկացրեց, որ վեց ամսվա կտրվածքով տարածաշրջանում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 94 տոկոս՝ պակաս է հավաքագրվել՝ 67 մլն դրամ: 500 հազար դրամ և ավելի պարտք ունի 14 քաղաքացի: Համայնքների ղեկավարները երևույթը բացատրեցին մի շարք պատճառներով, այդ թվում և բնակիչների այն մտայնությամբ,թե իրենց հարկային պարտավորությունները ներվելու են:
-Հարգելի' բնակիչներ, որևէ զիջում չի լինելու, հետագայում ստիպված կլինեք լրացուցիչ վճարել նաև տույժ ու տուգանքները,-ասաց մարզպետ Հ. Մարգարյանը:
Պետական աջակցությամբ իրականացվող հրատապ ծրագրերի մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը: Նա նշեց, որ մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերից առանձնացվել են առավել առաջնային խնդիրները. ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ:
-Ծրագրերը կներկայացվեն ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Մարզին այդ ծրագրերի իրականացման համար հատկացվելիք ֆինանսական միջոցներից կախված՝ հավանաբար անհրաժեշտություն կառաջանա կրկին վերանայել դրանց ցանկը՝ իհարկե համայնքների ղեկավարների հետ համաձայնեցմամբ,-ասաց Ա. Ջանազյանը:
Տարածաշրջանում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի ցանկը ներկայացրեց մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը՝ նշելով, որ դրանց թիվն առաջիկայում կավելանա: Բաժնի պետը, օգտվելով առիթից, համայնքերի ղեկավարներին ևս մեկ անգամ հիշեցրեց ՀՀ վարչապետի հանձնարարականի մասին՝ միջազգային կառույցների և տարբեր դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ծրագրեր իրականացնելու դեպքում այդ մասին անպայմանորեն իրազեկել մարզպետարանին:
Համայնքների ղեկավարները նաև խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորություն ունեցան: Նրանք մարզի ղեկավարին խնդրեցին գյուղնախարարության միջոցով վերականգնել պետական աջակցությամբ մատչելի գներով դիզվառելիք ձեռք բերելու հնարավորությունը: Հ. Մարգարյանը տեղեկացրեց, որ այդ հարցի մասին գյուղնախարարի հետ քննարկումներ ունեցել են արդեն, և առաջիկայում այն լուծում կստանա:
Անդրադարձ կատարվեց նաև գնումների գործընթացի կազմակերպմանը, համայնքների սոցօգնության ֆոնդի նվազեցմանը, ճանապարհների վերանորոգման խնդիրներին և այլն: Մարզի ղեկավարն առաջարկեց դրանց վերաբերյալ գրավոր առաջարկություններ ներկայացնել, որոնք կքննարկվեն մարզպետարանում և ամփոփ փաստաթղթով կներկայացվեն համապատասխան գերատեսչություններին: