Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային քննարկումներ Սպիտակի տարածարջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ
23.07.2018
Հուլիսի 19-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր Սպիտակի տարածաշրջանի դպրոցների տնօրեններին՝ նրանց հետ ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, Կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը:
Մարզի ղեկավարը հյուրերին ողջունեց գյուղատնտեսության նախարարի այցից անմիջապես հետո, նշելով, որ Հայաստանում տիրող սիրո, հարգանքի, համերաշխության մթնոլորտը կբարձրացնի վստահությունը իշխանությունների հանդեպ և զարգացման անբեկանելի ուղի կհարթի մեր երկրի, այդ թվում՝ Լոռու մարզի համար: Դպրոցների տնօրեններին մարզպետը հորդորեց զերծ մնալ քաղաքական ցանկացած գործընթացից:
-Պղտոր ջրում ձուկ որսալ փորձողներին հիասթափություն է սպասվում,- վստահեցրեց մարզի ղեկավարը, նշելով, որ փոխված իրողությունը նպաստավոր է լինելու բացառապես ՀՀ քաղաքացու համար, և ծառայողի պարտավորությունն ստանձնած մարզային իշխանություններն, իրենից սկսած, պետության ունեցած ողջ հնարավորությունը ծառայեցնելու են միմիայն ժողովրդին: Կան մարդիկ, ովքեր հայտնվել են ոչ իրենց տեղում, քանի որ զբաղված են եղել չարաշահումներով, թաթախվել են քաղաքական անօրինական գործընթացներում: Այսօր արդեն նման տնօրենները պետք է ինքնակամ թողնեն իրենց տեղն ու աննկատ հեռանան, իսկ բարեխիղճ ու նվիրյալ մարդկանց հանդեպ բազմապատկվելու է հարգանքն ու սերը:
Հ. Մարգարյանն անդրադարձավ նաև դպրոցական խորհուրդների կազմերի վերանայման անհրաժեշտությանը, որպեսզի նրանք ծառայեն իրենց բուն նպատակին:
Նա, օգտվելով առիթից, խոսեց նաև համայնքներում հարկերի հավաքագրման գործընթացից՝ նշելով, որ բոլորը, այդ թվում և դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, պետք է բարեխղճորեն կատարեն հարկային պարտավորությունները և այդ հարցում ժամ առաջ փոխեն իրենց արտոնյալ կեցվածքը:
Աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանն իր հերթին անդրադարձավ ներառական կրթությանը, պարտուսից դուրս մնացած երեխաների խնդիրներին՝ կարևորելով սերտ համագործակցությունը համայնքների և համապատասխան կառույցների հետ: Նա կարևորեց նաև դպրոցներում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մասին մարզպետարանին պատշաճ իրազեկումը և մարզպետարանի կողմից դրանց հետևողական վերահսկողության անհրաժեշտությունը:
Այնուհետև դպրոցների տնօրենները ներկայացրին իրենց կրթօջախներում առկա խնդիրներն ու ձեռքբերումները:
Մարզպետն առաջարկեց խնդիրները ներկայացնել գրավոր՝ դրանք ամփոփելու և ԿԳ նախարարությանը ներկայացնելու համար: