Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Սպիտակի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

23.07.2018

 Մարզպետ Հրանտ Մարգարյանը խորհրդակցություն անցկացրեց Սպիտակի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը և քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը:
Մարզպետի առաջարկությամբ գյուղապետերը ներկայացրին իրենց համայնքներում առկա խնդիրները, բնակիչների մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ:
Նրանց մտահոգում էր կաթի մթերման ցածր գինը: Համայնքների ղեկավարները միաբերան հաստատում են. 110 դրամից ավել գնով կաթ չի մթերվում: Իսկ ահա վերավաճառողները հավաքված կաթը երբեմն վաճառում են մինչև 180 դրամ/լիտր գնով: Որոշ համայնքներում վերամշակող ընկերությունները հենց գյուղացուց 1 լիտր կաթը գնում են 140-160 դրամով, իսկ ահա Սպիտակի տարածաշրջանի համայնքներում կաթ մշակող ընկերություններ քիչ կան, ուստի ապրանքի առաջնային արժեքը զգալիորեն ցածր է: Հաշվի է առնվում նաև կաթի որակը: Մարզպետ Հ. Մարգարյանի հանձնարարությամբ հուլիսի 24-ին կհրավիրվեն մարզի կաթ մշակող բոլոր ընկերությունների ներկայացուցիչները՝ խնդիրը տեղում քննարկելու և փոխշահավետ լուծում առաջարկելու նպատակով:
Անդրադարձ կատարվեց նաև հարկերի հավաքագրմանը: Հ. Մարգարյանը համայնքների ղեկավարներին հորդորեց դրսևորել պատասխանատու և բարեխիղճ վերաբերմունք՝ այս առումով կարևորելով բացատրական աշխատանքների իրականացումը բնակչության շրջանում:
Բացառությամբ Արևաշող համայնքի, մյուսներն ունեն հավաքագրման համեմատաբար ցածր ցուցանիշ: Պատճառները համայնքների ղեկավարները ներկայացնում են. մի մասը կարծում է, թե հեղափոխությունից հետո համաներում է լինելու նաև հարկեր-տուրքերի մասով, մարզպետը միանգամից տեղեկացնում է՝ համաներում չի լինելու, կարգազանցները կվճարեն նաև տույժ-տուգանքներ: Շատ համայնքերում բնակիչներն սպասում են բերքահավաքին, մինչև տարեվերջ որոշ համայնքապետեր խոստանում են՝ պլանը կատարելու են 100 տոկոսով:
Մարզի ղեկավարը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ առաջնահերթության կարգով ծրագրեր կիրականացվեն այն համայնքերում, որոնց հավաքագրումների ցուցանիշը մոտ կլինի 100 տոկոսին:
Համայնքների ղեկավարներին առաջարկվեց նաև հնարավորինս շատ զարգացման ծրագրեր կազմել, որոնք կներկայացվեն Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59