Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ.«Որևէ մեկը արտոնյալ կարգավիճակում չի կարող լինել, օրենքի շրջանակներում պետք է գործեն բոլորը»

16.07.2018

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Օրակարգի առաջին հարցով Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկատվություն ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ տարբեր գերատեսչությունների և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և դրանք ժամկետների մեջ են: Նա նաև տեղեկացրեց, որ մարզպետարանում գործող հանձնաժողովների կազմում՝ կադրային փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել, և այդ ուղղությամբ առաջիկայում քննարկումներ կկազմակերպվեն:
Պետական գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականների մասին,
ըստ համակարգման ոլորտների, զեկուցեցին մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Անդրեյ Ղուկասյանը և Սերգեյ Սարուխանյանը:
Ա. Խաչատրայնը տեղեկացրեց, որ համայնքներում հողային հաշվեկշիռների կազմման հանձնարարականն ընթացքի մեջ է: Ինչ վերաբերում է ամառային զորակոչի կազմակերպմանը, ապա մարզպետի տեղակալը նշեց, որ զորակոչվածների թիվը նախորդ տարվա համեմատությամբ տասը տոկոսով աճել է, ինչը բավականի ողջունելի ցուցանիշ է:
Փոխմարզպետ Ա. Ղուկասյանն իրազեկեց, որ նախորդ շաբաթ հայտարարված Վանաձորի թիվ 3 համաբուժարանի տնօրենի մրցույթը չի կայացել մասնակիցների ներկայացրած փաստաթղթերում առկա թերությունների պատճառով: Հաջորդ մրցույթը կկայանա օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Ներկայացվեց նաև մի շարք այլ հանձնարարականների ընթացքը: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց նախորդ ուրբաթ օրը Թումանյան միավորված համայնքում տեղի ունեցած ավագանու նիստում ավագանիների կողմից բարձրացված մի շարք խնդրահարույց հարցերի վրա և նշեց, որ ավագանիների մի մասը դժգոհություն է հայտնում համայնքի ղեկավարի որոշ գործողությունների վերաբերյալ: Ի պատասխան մարզպետը հանձնարարեց հրավիրել Թումանյան միավորված համայնքի ղեկավարին, վարչական պատասխանատուներին և ավագանու անդամներին դժգոհությունների պատճառները պարզելու և համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:
-Որևէ մեկը արտոնյալ կարգավիճակում չի կարող լինել, օրենքի շրջանակներում պետք է գործեն բոլորը,- ասաց Հ. Մարգարյանը:
Մարզպետի տեղակալ Ս.Սարուխանյանը զեկուցեց համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաև մարզպետի կողմից քաղաքաշինության, ինչպես նաև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների հանձնարարականների ընթացքի վերաբերյալ: Ներկայացվեց նաև առաջիկա անելիքները: Փոխմարզպետը տեղեկացրեց, որ քաղաքաշինության վարչության կողմից արդեն իսկ կազմված է հրատապ լուծում պահանջող օբյեկտների ցանկը, որը կքննարկվի և կներկայացվի մարզի ղեկավարի ուշադրությանը՝ վերջնական տեսք տալու և կառավարությանը ներկայացնելու համար:
ՀՀ կառավարության 424-Ն՝ «ՀՀ Լոռու, Շիրակի մարզպետարաններին գույք ամրագրելու և գումար հատկացնելու, ՀՀ 2018թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2017թ. դեկտեմբերի 28-ի N 1717 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման կատարման ընթացքը ներկայացրեց մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Նա նշեց, որ ներկայում հաշվառված է երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած և ծրագրի շահառու ճանաչված 22 գյուղական բնակավայրի 198 շահառու: Համայնքների ղեկավարների հետ շահառուների տվյալների թարմացման աշխատանքներ են տարվում:
Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման մասին զեկուցեց Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ամփոփված տվյալների համաձայն հարկերի հավաքագրման 6-ամսյա ամփոփված տվյալների արդյունքում Լոռու մարզը տարբեր հարկատեսակների միջին կամ միջինից ցածր ցուցանիշեր է արձանագրել: Յոթ ամսվա կտրվածքով մարզը բոլոր հարկատեսակների գծով պակաս է հավաքագրել 198 մլն դրամ: Մարզպետը փոխմարզպետներին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հանձնարարեց հետևողական աշխատանքներ իրականացնել իրավիճակը շտկելու համար:
-Ուզում եմ հանրությանը ևս մեկ անգամ տեղեկացնել. ոչ ոք ձեզ չի ազատել հարկային պարտավորությունները կատարելուց, որևէ մեկը արտոնյալ կարգավիճակում չէ: Ընդհակառակը պարտքեր կուտակելով՝ հետագայում դրանք ավելի դժվար կլինի մարելը,-ասաց Հ. Մարգարյանը:
Այս տարվա առաջին կիսամյակում ոստիկանության կողմից հաշվառված իրավախախտ երեխաների վերաբերյալ տվյալներ ներկայացրեց Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արեն Եղիազարյանը: Նա հայտնեց, որ ոստիկանության կողմից 2018թ. առաջին կիսամյակում հաշվառվել է 21 անչափահաս, նախորդ տարվա՝ 18-ի դիմաց: Հաշվի առնելով թվերի աճը՝ մարզի ղեկավարը հանձնարարեց ակտիվացնել կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:
Գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքի մասին զեկուցեց Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Վերջինս հայտնեց, որ բերքահավաքն ակտիվորեն ընթանում է, և բավականին լավ բերք է ակնկալվում: Նա անդրադարձավ նաև Լեջան և Լոռի բերդ համայնքներում արձանագրված խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքերին՝ նշելով, որ վարչությունը համապատասխան կառույցների հետ ուսումնասիրություններ է իրականացնում և միջոցներ ձեռնարկում հետագա դեպքերը կանխելու համար: Քննարկվող խնդրահարույց հարցի շրջանակներում ևս մեկ անգամ անդրադարձ կատարվեց համայնքներում պարտադիր կարգով անասնաբույժեր ունենալու անհրաժեշտությանը: Վարչության պետը վստահեցրեց, որ այս ուղղությամբ բացատրական աշխատանքներ են տարվում համայնքներում:
Մարզպետ Հ. Մարգարյանն ի լրումն նշեց, որ համայնքային այցերի և արտագնա խորհրդակցությունների ընթացքում գյուղապետերի և բնակիչների կողմից բարձրացվում է կաթի մթերումների ցածր սակագների խնդիրը, ինչի վերաբերյալ ինքը վարչությանը հանձնարարել է ուսումնասիրություններ իրականացնել և դիտարկել սակագները բարձրացնելու հնարավորությունները: Վարչության պետը նշեց, որ որոշ համայնքներում բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել մթերման գինը հասցնել 140 դրամի, իսկ մյուսններում ցածր սակագինը պահպանվում է: Մարզպետը կարևորելով այս ուղղությամբ համակարգային մոտեցումը՝ հանձնարարեց հրավիրել մարզում կաթի մթերում իրականացնող բոլոր ընկերություններին՝ խնդիրը քննարկելու և լուծման արդյունավետ ուղիներ նախանշելու նպատակով:
Քնարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27