Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Մարզպետարանը մշտապես աշխատելու է բաց և թափանցիկ». Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը հանդես եկավ մամլո ասուլիսով
11.07.2018
Հուլիսի 10-ին Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը հանդես եկավ մամլո ասուլիսով, որի բուն նպատակը նախորդ մեկ ամսվա ընթացքում մարզպետարանի աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացումն էր:
-Այսուհետ յուրաքանչյուր ամսվա մինչև 10-ը ես հանդես կգամ ամփոփ հաշվետվությամբ՝ լրատվամիջոցներին ներկայացնելով նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները: Սա առավել թափանցիկ աշխատաոճի որդեգրման նպատակ ունի,-ասաց Ն. Սարգսյանը:
Նա լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ աշխատանքային խորհրդակցություններ այսուհետ հրավիրվելու են ոչ թե ամեն երկուշաբթի, այլ՝ ըստ անհրաժեշտության: Ծավալուն օրակարգային հարցեր ընդգրկող խորհրդակցություններից հետո մարզպետը հանդես կգա ճեպազրույցներով, հետագայում նաև՝ մամլո ասուլիսով:
Ինչ վերաբերում է առանձին ստորաբաժանումների աշխատանքներին, ապա դրանց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի լրագրողների ցանկությամբ:
-Շարունակելու ենք աշխատել թափանցիկ, ինչպես միշտ է եղել,- ասաց Ն. Սարգսյանը:
Նա ներկաներին տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակաշրջանում քաղաքացիների կողմից մարզպետարանին հասցեագրված քաղաքացիների դիմումները անհամեմատ ավելին են եղել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, սակայն, որ դիմումներ ներկայացնում են հիմնականում այն քաղաքացիներն, ովքեր նախկինում պարբերաբար դիմել են մարզպետարան, պարզապես հիմա՝ կառավարության կազմի և մարզպետի փոփոխությամբ պայմանավորված՝ դրանք նորից են ուղղվում թե՛ կառավարությանը և թե՛ մարզպետին: Հունիս ամսվա ընթացքում սոցիալական հարցերով մարզպետարան է դիմել 230 քաղաքացի, առողջապահական հարցերով՝ 1, կրթական հարցերով՝ 107, կոմունալ-կենցաղային հարցերով՝ 43, այլ հարցերով՝ 29 քաղաքացի: Կառավարության աշխատակազմից մարզպետարան են վերահասցեագրվել սոցիալական բնույթի՝ 30, բնակարանային և տարածքի հարցերով՝ 23, այլ՝ 7 դիմում: Պատասխանվել է 186 քաղաքացու, մնացած հարցերը գտնվում են ուսումնասիության փուլում: Եթե հարցերը համայնքային խնդիրներ են ենթադրում, կամ առնչվում են տարբեր ծառայությունների, ապա դրանց լուծման նպատակով մարզպետարանը համագործակցում է տվյալ կառույցների հետ: Լինում են նաև մերժումներ և պարզաբանումներ այն հարցերի հետ կապված, որոնց լուծումը վեր է մարզպետի լիազորություններից:
Նա ներկայացրեց նաև մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության կարգը:
Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ մարզպետի առաջիկա ընդունելությանը հերթագրվել է արդեն 100 քաղաքացի:
-Մարզպետը ընդունելություն է կատարում նաև մյուս տարածաշրջաններում: Առաջիկայում նա աշխատանքային այց կկատարի նաև Տաշիրի տարածաշրջան, որի շրջանակներում կկատարի նաև տարածաշրջանի բնակիչների ընդունելություն,-ասաց նա:
Ն. Սարգսյանն անդրադարձավ նաև լրատվամիջոցերին և հանրությանը հետաքրքրող այն հարցին, թե մարզպետարանի աշխատակազմում ի՞նչ կրճատումներ և ի՞նչ համալրումներ են կատարվել: Նրա տեղեկացմամբ՝ իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են նախկին փոխմարզպետները, մարզպետի օգնականները, որոնց կազմերն, ինչպես հայտնի է, համալրված են, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, որի պարտականությունները ներկայումս կատարում է տեղակալը, Քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը. այստեղ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, Սպիտակի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջանների նախկին պետերը, նրանց փոխարեն ևս նշանակվել են պաշտոնակատարներ՝մինչև օրենքով սահմանված կարգով մրցույթների անցկացումը:
Հունիս ամսվա ընթացքում մարզպետի կողմից կայացվել է 32 որոշում, 14 կարգադրություն, աշխատակազմի ղեկավարի կողմից՝ 43 հրաման:
Ն. Սարգսյանի տեղեկացմամբ, կառավարության որոշմամբ Վանաձորի խնամքի կենտրոնը վերակազմակերպվել է: Մարզում այսուհետ կգործի Լոռու մարզի երեխաների և ընտանիքների աջակցության ցերեկային կենտրոն, որը մասնաճյուղեր կունենա նաև Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ համայնքներում: Վանաձորում ներկայում գործում է Հայկական Կարիտասի կողմից հիմնադրված երեխաների գիշերային կենտրոն, որտեղ խնամվում է 8 երեխա: Ներկայում բանկացություններ են տարվում Հայկական Կարիտասի և Յունիսեֆի հետ Վանաձորում մանկան տուն հիմնելու նպատակադրմամբ, որտեղ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կկարողանան դաստիարակվել ընտանեկանին մոտ միջավայրում:
Հաշվետու ժամանակահատվածում մարզպետ Հրանտ Մարգարյանն աշխատանքային այցեր է կատարել տարբեր համայնքներ, նրա կողմից բաշխվել են նաև աշխատանքային պարտականությունները գլխավոր քարտուղարի և փոխմարզպետների միջև:
-Ընթացքում փոքր աշխատանքային խորհրդակցությունների և աշխատանքային այցերի միջոցով փորձում ենք քննարկել և լուծում տալ առկա խնդիրներին,-ասաց Ն. Սարգսյանը:
Նա պարզաբանումներ տվեց նաև «Կառավարչական իրավահարաբերությունների մասին», «Քաղծառայության մասին» և «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ, որոնցով ներկայում կարգավորվում է մարզպետարանի գործունեությունը և վերջինս, ըստ աշխատակազմի գլխավոր քարտուղարի, առավել լիարժեք կլինի «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո: Ի դեպ, նախագծի հետ կապված մարզպետարանը բավականին ծավալուն առաջարկությունների փաթեթ է ներկայացրել:
Նա անդրադարձավ մի շարք այլ աշխատանքների ևս, այնուհետև պատասխանեց լրագրողների կողմից առաջադրված հարցերին:
ՀԳ
Ասուլիսին ներկա մի շարք լրատվամիջոցներ ներկայացված հարցերը փորձել են դիտարկել այլ տեսանկյունից՝ դրանք ներկայացնելով սեփական մեկնաբանությամբ: Տեղեկացնենք, որ ցանկացած պարագայում մարզպետարանը գործում է օրենքով սահմանված կարգով և մարզպետարանում սահմանված աշխատակարգին համահունչ: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ասուլիսի նպատակը եղել է հունիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին լրատվամիջոցներին և հանրությանը տեղեկացնելը, իսկ նմանատիպ հանդիպումները կրելու են պարբերական բնույթ:
Մարզպետարանը մշտապես աշխատելու է բաց և թափանցիկ: