Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային քննարկումներ Տաշիրի տարածարջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ
11.07.2018
Հուլիսի 11-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր Տաշիրի տարածաշրջանի դպրոցների տնօրեններին՝ նրանց հետ ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, Կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը:
Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը նշեց, որ մեծագույն հարգանքով է վերաբերվում բոլոր բարեխիղճ մանկավարժներին:
-Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում պետք է տիրի սիրո, հարգանքի, համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտ, ինչը կբարձրացնի վստահությունը իշխանությունների հանդեպ և նորանոր ներդրումներ կբերի երկիր, այդ թվում՝ Լոռու մարզ: Ինչ վերաբերվում է կրթության ոլորտին, ապա ձեզ՝ հարգելի՛ տնօրեններ, նախևառաջ հորդորում եմ զերծ են մնալ ցանկացած քաղաքական գործընթացից և միմիայն զբաղվել բուն գործառույթով, այն է՝ կրթել և դաստիարակել մատաղ սերնդին,-ասաց Հ. Մարգարյանը: Նա իր խոսքում կարևորեց նաև ռազմահայրենասիրական դաստիարակությունն առավել բարձր մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը, ինչը ևս, ըստ մարզի ղեկավարի, կարող է մեծ դերակատարություն ունենալ ժամկետային զինծառայությունից խուսափելու դեպքերը նվազեցնելու, ինչպես նաև ապագա զինվորների շրջանում հայրենասիրական ոգու բարձրացմանը նպաստելու առումով:
Հ. Մարգարյանն անդրադարձավ նաև դպրոցական խորհուրդների կազմերի վերանայման անհրաժեշտությանը, որպեսզի նրանք ծառայեն իրենց բուն նպատակին:
Նա, օգտվելով առիթից խոսեց նաև համայնքներում հարկերի հավաքագրման գործընթացից՝ նշելով, որ բոլորը՝ այդ թվում և դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները պարտավոր են կատարել իրենց հարկային պարտավորությունները:
Ն.Սարգսյանն իր հերթին անդրադարձավ ներառական կրթությանը, պարտուսից դուրս մնացած երեխաների խնդիրներին՝ կարևորելով սերտ համագործակցությունը համայնքների և համապատասխան կառույցների հետ: Նա չափազանց ցածր գնահատեց տարածաշրջանում ներառական կրթության գործընթացի կազմակերպման մակարդակը՝ նշելով, որ 2018թ. տարածաշրջանում վկայագրվել է ընդամենը տասը երեխա, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է:
-Առաջիկայում կուսումնասիրվեն և վեր կհանվեն պատճառները, -նշեց Ն. Սարգսյանը:
Նա կարևորեց նաև դպրոցներում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մասին մարզպետարանին պատշաճ իրազեկումը, որպեսզի խնդիրների դեպքում հնարավոր լինի աջակցել:
Այնուհետև դպրոցների տնօրենները ներկայացրին իրենց կրթօջախներում առկա խնդիրները, ինչու չէ՝ նաև ձեռքբերումները:
Մարզի ղեկավարը ողջունելի համարեց որոշ դպրոցների՝ տարբեր ներդրումներ ներգրավելու նախաձեռնողականությունը՝ վստահեցնելով, որ այդպիսի կրթօջախները, ինչպես նաև աջակցող կազմակերպություներն ու անհատներն անպայման կխրախուսվեն: