Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Զորակոչ և գյուղատնտեսություն
06.07.2018
Սպիտակի զինկոմիսարիատից նորակոչիկների հերթական խումբը մեկնեց պարտադիր զինվորական ծառայության: Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը և Լոռու մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը եկել էին բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթելու պատանի զորակոչիկներին: Սպիտակի զինկոմ, մայոր Աղասի Խաչատրյանի խոսքով իրենք դեռևս դպրոցից ամեն կերպ նպաստել են տղաների հայրենասիրական ու բարոյահոգեբանական ոգու բարձրացմանն ու այժմ վստահորեն և ամենայն պատասխանատվությամբ նրանց ճանապարհում են նոր Հայաստանի հերոսական բանակ:
Համայնքի մշակութային խմբերն ու անհատ կատարողներն իրենց հայրենասիրական կատարումներով լրացրեցին օրվա խորհուրդն ու բարի ծառայություն մաղթեցին իրենց եղբայրներին:
Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանն, ով, ի դեպ, պահեստազորի մայոր է և երկար տարիներ ինքն է կոչված եղել հայենիքի պաշտպանի առաքելությանը, անփորձանք ծառայություն, խաղաղ երկինք ու բարի վերադարձ մաղթեց պատանիներին՝ ընդգծելով, որ զինվորական կարգապահությունն ու մարտավարական հմտությունները կարող են նպաստել այդ մաղթանքների լիարժեք իրականացմանը: Նա հորդորեց խստորեն պահպանել կանոնադրական հարաբերությունները սպայական կազմի հետ, հարգանքով վերաբերվել միմյանց և պատասխանատվություն կրել վստահված մարտական ցանկացած զինատեսակի համար:
Նորակոչիկների ծնողները նույնպես միացան մաղթանքներին և իրենց զավակներին հորդորեցին արժանապատիվ ու տղամարդկային կեցվածքով կատարել պարտքը հայրենիքի հանդեպ:
Օրվա երկրորդ կեսին փոխմարզպետն այցելեց նաև Մեծ Պարնի համայնք, որտեղ համայնքի ղեկավար Գագիկ Պալյանի և Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի ուղեկցությամբ շրջեց գյուղի հին և նոր թաղամասերում՝ ծանոթանալով ամենատարբեր ծրագրերով իրականացված կամ ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին: Համայնքի ղեկավարը նախ տեղեկացրեց, որ բնակիչների աջակցությամբ վերանորոգվել է համայնքապետարանի շենքը և «Կարմիր Խաչի» ծրագրով ներդրվել է անվտանգության և ջեռուցման ժամանակակից համակարգ:
Հյուրերը եղան նաև նորակառույց նախակրթարանում, որի շինաշխատանքներն իրականացնում է «Պ. Գևորգյան և գործընկերներ» շինարարական կազմակերպությունը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 139 միլիոն դրամ է: Ֆինանսների կանոնավոր փոխանցման պարագայում ամենաուշը երկու ամսից շենքը կհանձնվի շահագործման:
Համայնքի ղեկավարը տեղեկացրեց՝ ունեն ամբողջովին նոր, պլաստմասե աղբամաններ, սակայն սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկայի բացակայության պատճառով չեն կարողանում շահագործել: Բանակցություններ են տարվում որևէ համայնքի հետ երկաթե աղբարկղերով դրանք փոխանակելու ուղղությամբ:
Գագիկ Պալյանը ներկայացրեց նաև ոսպի մշակման և խոզանը վառելանյութի վերածելու համար նախատեսված երկու նոր սարքավորումները, հույս հայտնելով, որ դրանց լիարժեք օգտագործման դեպքում համայնքը նոր զարգացում կապրի: Իսկ ահա հեղուկ պարարտանյութի արտադրությամբ զբաղվով «Էկոպլանտ» կազմակերպության տնօրեն Արգամ Անթանյանը իսկական հեղաշրջում է խոստանում գյուղատնտեսության ոլորտում և առաջիկայում պատրաստվում է համագործակցության շահավետ առաջարկ կատարել հայ գյուղատնտեսներին՝ ակնկալելով սերտ համագործակցություն Լոռու մարզպետարանի հետ:
Արամ Խաչատրյանն իր հերթին կարևորեց համայնքի ղեկավարի աշխատանքային նման ակտիվությունն ու ամենատարբեր ծրագրերում համայնքի լիարժեք մասնակցության ապահովումը:
Հաջորդ օրերին Ա. Խաչատրյանը մասնակցեց նաև Ստեփանավան և Տաշիր քաղաքներում անցկացված զորակոչի հանդիսավոր արարողությանը: Նա բարի ծառայություն և բարի վերադարձ մաղթեց նորակոչիկներին: