Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջգերատեսչական նիստ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին
04.07.2018
Հուլիսի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետների դիմակայունության օր» միջոցառման կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը:
Հաձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների ու ծառայությունների ներկայացուցիչներ, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Լոռու մարզից հանձնաժողովում ընդգրկված է մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը:
Նիստը վարում էր ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Քննարկման սկզբում աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրեցին միջոցառումների ընթացիկ աշխատանքներն ու առկա խնդիրները: Ներկայացվեցին աղետներին դիմակայունության վարժանքների և հարակից միջոցառումների, հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում տարահանման ուսումնավարժությունների, մարզերում անցկացվելիք տակտիկական և ցուցադրական վարժանքների հետ կապված մանրամասներ, ինչպես նաև՝ գիտական համաժողովի կազմակերպման հարցերը:
Վերոնշյալ արշավի շրջանակում նախատեսվում է Գյումրիում անցկացնել դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ, որին ներկա կլինեն նաև օտարերկրյա դիտորդներ:
Լսելով համայնքների ղեկավարների զեկույցները՝ նախարար Հ. Ռոստոմյանն առաջարկեց ներկաներին հնարավորինս խթանել երկրաշարժից տուժած բնակավայրերի մասնակցությունը միջոցառումներին և ակտիվացնել համագործակցությունը նրանց հետ:
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին որոշվեց լրացնել աշխատանքային պլաններում բացթողումներն ու հաշվի առնել նոր առաջարկությունները՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար: