Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը ճանաչողական այցով Թումանյանի տարածաշրջանում էր
04.07.2018
Հուլիսի 3-ին Լոռու մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության աշխատակից Արմեն Շահվերդյանի հետ ճանաչողական այցով Թումանյան խոշորացված համայնք էր մեկնել Վանաձոր-Ալավերդի երթուղայինով՝ նպատակ ունենալով նաև ծանոթանալու միջհամայնքային տրանսպորտի վիճակին և հընթացս շփվելու ուղևորների հետ:
Թումանյան խոշորացված համայնքում Ա. Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց համայնքի վարչական ղեկավարների և ավագանու անդամների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր համայնքում առկա օրախնդիր հարցերի վերաբերյալ: Իսկ խնդիրները բազմաթիվ էին՝ ճանապարհների բարեկարգման, ջրամատակարարման և այլն:
Բնակավայրերի վարչական ղեկավարները, ավագանին և համայնքի բնակիչները առավել թափանցիկ և հաշվետվողական աշխատաոճ էին պահանջում խոշորացված համայնքի ղեկավարից:
Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը նախևառաջ հորդորեց, որպեսզի աշխատանքը լինի համագործակցված և տեսանելի, թե՛ բնակավայրերի վարչական ղեկավարների, թե՛ ավագանու անդամների և թե՛ բնակիչների համար:
Նա նաև խոստացավ ըստ առաջնահերթության զբաղվել համայքնում առկա խնդիրների լուծմամբ:
Փոխմարզպետ Ա. Ղուկասյանը նաև քաղաքացիների ընդունելություն անցկացրեց: Նրանց կողմից բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ ցուցումներ տրվեցին համայնքի ղեկավար Լևոն Զավարյանին, իսկ որոշ հարցերի լուծումներ տրվեցին հենց տեղում:
Օրվա երկրորդ կեսին Ա. Ղուկասյանը հանդիպումներ ունեցավ նաև Ալավերդի, Օձուն և Շնող համայնքների ղեկավարների հետ: