Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետների մասնակցությամբ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ՏԿԶՆ-ում
04.07.2018
Հուլիսի 3-ին Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ տեղի է ունեցել երկշաբաթյա պարբերականությամբ ՀՀ մարզպետների հետ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը:
Խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով ողջունելով մարզպետներին՝ խնդրել է վերջիններիս անմիջական կապ պահպանել մարզերում առողջապահությանը վերաբերող խնդիրներին համակարգված և համահունչ լուծումներ տալու նպատակով։
Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին ներկայության համար և հորդորել մարզպետներին կադրային փոփոխություններ անելիս համապատասխան գերատեսչությունների հետ անցկացնել ոլորտային խորհրդակցություններ և ապահովել որակյալ ու բանիմաց մասնագետների ներգրավվումը։
Մարզպետների հետ խորհրդակցությունը շարունակվել է օրակարգային մի շարք հարցերի շուրջ։ Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, համայնքների բյուջեներում «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» ծախսային հոդվածով պարտքերի առաջացման, 3000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր համայնքներում համացանցային կայքերի գործարկմանն առնչվող հարցեր։ Անդրադառնալով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի արդյունքներին՝ Սուրեն Պապիկյանը ընդգծել է դրանք գործնական դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը և հորդորել օգտվել մարզի զարգացմանը, գործընկերային նոր կապերի հաստատմանը նպաստող ցանկացած հնարավորությունից։
Խորհրդակցության ընթացքում տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնելու, քաղաքացիների համար հանգստի հանրային տարածքների հասանելիությունը ապահովելու, սուբվենցիայի ծրագրերի ընթացքի նկատմամբ հետևողականություն դրսևորելու, անդրսահմանային ու միջռեգիոնալ համագործակցությունը խորացնելու և այլ հարցերի ուղղությամբ։