Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ
03.07.2018

Մարզպետ Հրանտ Մարգարյանը խորհրդակցություն անցկացրեց Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը:
Մարզպետի առաջարկությամբ գյուղապետերը ներկայացրին իրենց համայնքներում առկա խնդիրները, բնակիչների մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ: Նրանց առաջնահերթության կարգով մտահոգում էր կաթի մթերումների ցածր սակագինը: Մարզպետ Հ. Մարգարյանը Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարեց ավելի շատ թվով կաթ մթերողների ներգրավել գործընթացում, որպեսզի մրցակցության արդյունքում մթերման սակագինը բարձրանա:
Անդրադարձ կատարվեց նաև հարկերի հավաքագրմանը: Հ. Մարգարյանը համայնքների ղեկավարներին հորդորեց պատշաճ կատարել սեփական եկամուտների հավաքագրումը՝ այս առումով կարևորելով բացատրական աշխատանքների իրականացումը բնակչության շրջանում:
-Համայնքի բնակիչը պետք է հստակ գիտակցի, թե ուր է գնում իր վճարած հարկը: Դուք պետք է աշխատեք թափանցիկ, բնակիչների համար տեսանելի պետք է լինեն համայնքային բյուջեի թե՛ եկամտային, թե՛ ծախսային մասերը,-ասաց մարզպետը՝ նշելով նաև, որ առաջնահերթության կարգով ծրագրեր կիրականացվեն միայն այն համայնքերում, որտեղ հավաքագրումները մոտ կլինեն 100 տոկոսին:
Համայնքների ղեկավարներին առաջարկվեց նաև հնարավորինս շատ զարգացման ծրագրեր կազմել, որոնք կներկայացվեն Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ: