Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

02.07.2018

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Մարզպետը նախևառաջ շնորհավորեց նորանշանակ փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանին պատախանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց աշխատանքային հաջողություններ:   

Ս.Սարուխանյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, նշեց,որ իր համար մեծ պատիվ է ծառայել հայրենի մարզին: Նա ասաց, որ պարտավորվում է աշխատել ազնիվ, շիտակ՝ հանուն մարզի զարգացման ու բարօրության:

Մարզպետ Հ. Մարգարյանն ըստ ոլորտների ներկայացրեց փոխմարզպետների, գլխավոր քարտուղարի և խորհրդականների միջև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժաումների և համայնքների վերահսկողության բաշխվածությունը:

 Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, որով նախկինում կարգավորվում էին մարզպետարանների գործառույթները, ապրիլի 9-ին ուժը կորցրած է ճանաչվել: Ներկայում շրջանառության մեջ է «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վերջինիս հետ կապված Լոռու մարզպետարանն առաջարկությունների բավականին ծավալուն փաթեթ է ներկայացրել՝ հույս ունենալով, որ դրանք հաշվի կառնվեն: Նա տեղեկացրեց, որ ուժի մեջ է մտել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլուխը, որը կարգավորում է մարզպետարանների, մարզպետի և տեղակալների գործառույթները: Ուժի մեջ է մտել նաև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը: Ն. Սարգսյանը ներկայացրեց նաև մարզպետարանի ներքին գործավարության կարգը:

Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը: Նա նշեց, որ հունիսի 29-ի դրությամբ մարզի սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 101,3 տոկոս, իսկ կիսամյակային տվյալներով՝ 93,8 տոկոս: Եկամուտների հավաքագրման առումով 6 ամսվա կտրվածքով պակաս է հավաքագրվել 66 մլն դրամ: Բաժնի պետը հարկերի հավաքագրման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց նաև ըստ տարբեր տարածաշրջանների:

Մարզպետը փոխմարզպետներին և համապատասխան վարչություններին  հանձնարարեց հետևողական աշխատանքներ իրականացնել հարկերի հավաքագրումները բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ: Նա այս առումով կարևորեց հատկապես բացատրական աշխատանքների իրականացումը բնակիչների շրջանում:

Քաղաքաշինության վարչությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքը ներկայացրեց վարչության պետ Արմեն Ջանազյանը: Նա նշեց, որ վարչությունը մարզի ղեկավարի հանձնարարությամբ հետևողականորեն ուսումնասիրություններ է կատարել մարզպետի մոտ ընդունելության եկած քաղաքացիների կողմից քաղաքաշինության և ճանապարհաշինության բնագավառին առնչվող խնդիրների, ինչպես նաև տարբեր գերատեսչություններից ստացված հանձնարարականների ուղղությամբ: Վարչության պետը նշեց, որ դրանց լուծման վերաբերյալ նաև առաջարկություններ կներկայացվեց:

 Ա. Ջանազյանը տեղեկացրեց նաև, որ Լոռու մարզպետարանի պատվիրակությամբ ներկայում մարզում իրականացվում է Մեծ Պարնի համայնքի մանկապարտեզի շինարարությունը. այն արդեն ավարտական փուլում է և Շահումյանի դպրոցի նորոգումը, որտեղ տնտեսված միջոցներով նաև ջեռուցման համակարգ է տեղադրվել:

Ներկայացվեցին նաև ամառային զորակոչին, գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող և մի շարք այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 12:11:23