Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը. Վանաձորի բժշկական կենտրոնի բացումը կհետաձգվի ևս երեք ամսով

02.07.2018

Հունիսի 30-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նախևառաջ եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում, տնօրեն Արսեն Մկրտչյանի ուղեկցությամբ շրջեց բուժհաստատությունում, ծանոթացավ պայմաններին և մատուցվող ծառայություններին, ապա զրուցեց բուժանձնակազմի և հիվանդների հետ: Նախարարն իր գոհունակությունն արտահայտեց տարածաշրջանի բնակիչների համար կենտրոնում մատուցվող որակյալ բժշկական ծառայություններից՝ նշելով, որ այդ ամենն իրականացվում է բարձրակարգ բժշկական անձնակազմի և որակյալ սարքավորումների միջոցով։ Այնուհետև Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի, փոխմարզպետներ Արամ Խաչատրյանի և Անդրեյ Ղուկասյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, մարզպետարանի և քաղաքապետարանի այլ պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում:
Կարևորելով առողջապահական ոլորտի զարգացման անհրաժեշտությունը մարզկենտրոնում և մարզի մյուս համայնքներում՝ նախարարը մարզային իշխանություններին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել այս ոլորտը և ամենօրյա վերահսկողություն իրականացնել:
Մարզային առողջապահության կառավարմանն անդրադառնալով՝ Ա. Թորոսյանը նշեց. «Մարզպետները, հանդիսանալով կառավարության ներկայացուցիչները մարզերում, այսուհետ պետք է պարտավորվեն իրենց գործողությունները համաձայնեցնել ոլորտային նախարարների հետ, որպեսզի կայացված որոշումների պատասխանատվությունը հավասարապես բաշխվի»:
Չնայած, որ առողջապահական հիմնարկները համայնքային ենթակայության չեն, նախարարը կարևոր համարեց նաև համայնքների ղեկավարների շահագրգռվածությունը ոլորտի հետ կապված խնդիրների լուծմանն աջակցելու առումով: Արսեն Թորոսյանն անընդունելի համարեց նրանցից շատերի կողմից ներկայում ցուցաբերվող կրավորական վերաբերմունքը:
Ոլորտի մարզային պատասխանատուները նախարարին ներկայացրեցին Վանաձորի բժշկական կենտրոնում առկա վիճակը՝ նշելով, որ չնայած շինարարությունն ավարտվել է և կաբինետները վերազինվել են բուժսարքավորումներով, տեխնիկական պատճառներով բացումը հետաձգվում է: Ա. Թորոսյանը նշեց, որ բուժհաստատության հետագա պահպանման խնդրի, կադրային և մի շարք այլ տեխնիկական հարցերի հետ կապված, մինչև դրանց վերջնական կարգավորումը, Վանաձորի բժշկական կենտրոնի բացումը կհետաձգվի ևս երեք ամսով:
Այնուհետև նրանք եղան Վանաձորի բժշկական նորակառույց կենտրոնում, կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանի ուղեկցությամբ ծանոթացան պայմաններին:
Նախարարը մարզպետի ուղեկցությամբ նաև այցելեց Ստեփանավանի և Տաշիրի բժշկական կենտրոններ: Ստեփանավանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի վերանորոգումն ավարտական փուլում էր, իսկ Տաշիրի բժշկական կենտրոնը, ինչպես նշեց նախարարը, հիմնանորոգման կարիք ունի: Նա խոստացավ առաջիկայում զբաղվել այդ խնդրով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27