Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովը
29.06.2018
Այսօր Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովը` «Հայաստանի և Ռուսաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» խորագրով:
Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների կողմից համատեղ՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամի աջակցությամբ։
Համաժողովին մասնակցում են նաև Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը, մարզի պատվիրակությունը:
Համաժողովում կհնչեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձները:
Միջոցառումը նվիրված է գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներ, երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ, տարածաշրջանների ղեկավարներ։
Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովներն սկսել են անցկացվել 2011թ-ից` Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի ռեգիոնների միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ու զարգացման հարցերի քննարկման նպատակով: Երկու երկրների միջև միջտարածաշրջանային մակարդակով առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և համաժողովները խնդիր ունեն նպաստել այդ ներուժի բացահայտմանը, միջտարածաշրջանային մակարդակով գործակցության նոր ուղղությունների նախանշմանը, նոր կապերի հաստատմանը: